Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Պատերազմի դրվագներով 40 մեղադրվող անձ կա, բանակի հետ կապված խնդիրներով՝ մոտ մեկ տասնյակ կալանավորված»

Նոյեմբեր 08,2021 00:33

Ինչ քրեական գործեր եւ մեղավորներ կան, որոնք կապված են 44-օրյա պատերազմի հետ, ի պատասխան այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է՝ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով եւ շուրջ 40 մեղադրվող անձ կա եւ նաեւ կալանավորված անձինք կան․«Ընդ որում, կալանավորված անձինք ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակին եւ կարծում եմ, որ գործեր կլինեն, որոնք կգնան դատարան»։

Ըստ վարչապետի, առանձին վերցրած դրվագները պետք է իրավական գնահատականի արժանանան, բայց պետք է հասկանանք, որ դրանք այսբերգի երեւացող կողմն են․ «Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել։ Օրինակ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել, ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները բոլորինս են: Բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտ է, ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են ոչ կառուցողական, ապազգային եւ այլն: Ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի թատերաբեմում զարգացումը, ինչպե՞ս է ձեւավորվել ու ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարեւոր են եւ որոնք ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների եւ իրականության միջեւ խզումը, երբ օրինակ, անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք շատ լրջորեն պետք է քննարկվեն: Բայց համակարգային առումով պետք է խոստովանենք, որ ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ շուրջ: Երբ տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում եւ Հայաստանում: Այս ամենն ի վերջո նաեւ արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երեւույթներով եւ դրսեւորումներով։ Երկար տարիներ ՀՀ-ում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձեւով եւ մակարդակով տեղի չի ունեցել։ 2019-ին մենք իրականացրինք ՀՀ-ի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը եւ հիմա էլ մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք։ Բայց երկար տարիներ այդ աշխատանքը չի արվել, թե՝ ինչո՞ւ, անհասկանալի է»։

Հարցին, թե ինչպիսի՞ն եք գնահատում մեր բանակի մարտունակությունը՝ հաշվի առնելով այն հարվածները, որ մենք ստացանք եւ ինչպե՞ս եք գնահատում մեր սպառազինության կորուստների համալրումը, Փաշինյանը պատասխանեց․ «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը ՀՀ-ում, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա: Հայաստանը որեւէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: ՀՀ ԶՈՒ-ն պետք է պատշաճ ձեւով պաշտպանի ՀՀ տարածքն ու սահմանները հնարավոր ագրեսիաներից»:

Ընդդիմության քննադատության, խաղաղության դարաշրջանի բացման, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման եւ ռազմագերիների վերադարձի մասին մանրամասն՝ տեսանյութում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930