«3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներում: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը եւ այդպես շարունակ։ Այսինքն եթե այդ ֆորմատը բերելու է նոր, փոխադարձ ընդունելի օրակարգ, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել,եւ մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով»,- այսօր այս մասին Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե կա համաձայնեցված ձեւաչափ, այդ ձեւաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն, որովհետեւ կարող է պարզվել, որ 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքրում է։
Նա ասել է, որ իր եւ Ալիեւի միջեւ հանդիպում չի եղել․« Թերեւս ինչի մասին կարող է լինել խոսքը՝ այս ընթացքում շատ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, հայտնի շփումներ են տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ: Մասնավորապես, Նյու-Յորքում մեր ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, դիվանագիտական առաքելություններ են ժամանում Երեւան եւ Բաքու,բնականաբար, ուղերձներ են տանում, բերում եւ բնականաբար, խոսակցություն, որպես այդպիսին միջնորդավորված, միշտ էլ տեղի է ունենում եւ այստեղ ոչ մի անակնկալ չկա։ Ուղիղ բոլոր շփումները, որ տեղի են ունեցել, հանրությունը դրա մասին գիտի։ Մնացած շփումները արդեն անուղղակի ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում ամենատարբեր խողովակներով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ