Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է սահմանազատման եւ սահմանագծման խնդրին։
Նա, պատասխանելով հարցին՝ մտահոգություն կա՞, որ այդ գործընթացով Ադրբեջանը փորձում է դե յուրե Արցախը ստանալ իրենց կազմում, քանի որ եթե ճանաչենք նրանց սահմանները, ապա Արցախը դառնում է Ադրբեջանի մաս, ասել է՝ մենք հստակ ասել ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից. «Սա մեր դիրքորոշումն է։ Ես դեռ մայիսին հայտարարեցի, որ ես պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը սահմանագծման եւ սահմանազատման մասին: Հիշում եք, թե դրանից հետո ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը կորսվել է եւ բաց է թողնվել: Այո, մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, բայց մյուս կողմից մենք նաեւ ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Հիմա մի ցածր է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, բայց գործնականում ամեն օր նոյեմբերի 9-ից հետո մենք երեւի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Արցախում է հրադադարը խախտվում ամենօրյա ռեժիմով։ Շատ դժվար է պատկերացնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ, կրակոցներ են տեղի ունենում: Սա կարեւոր ենք համարում, որպեսզի մենք պայմաններ ապահովենք այդ գործընթացի համար։ Չնայած, մենք այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք։ Կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ։ Ցավոք սրտի, ոչ»։
Պատասխանելով հարցին՝ ո՞ր թվականների քարտեզներով է գործընթացը լինելու, Փաշինյանն ասել է՝ մենք ասում ենք՝ 85, 75, 73 թվի քարտեզներ, դրանք հիմնականում վերատպություններ են, քանի որ մաշվում են․ «Կարեւոր են, թե ինչ իրավական հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ։ Քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ, որ այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետեւ Խորհրդային ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ, ասենք կոմունիստական կուսակցության տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել: Դա արվել է տեղական մակարդակով, այսինքն այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է: Դա հիմնականում փոխադարձության սկզբունքով է տեղի ունեցել: Հիմա շատ կարեւոր է այդ իրավական հիմքերը հասկանալ եւ մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր, մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետեւ քարտեզն առանց իրավական հիմնավորման որեւէ նշանակություն չունի»:
Փաշինյանի խոսքով՝ մենք եկել ենք եզրակացության, որ իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որ 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․«Մենք ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են, որ տեքստում նշված պայմանավորվածությունները արտացոլել քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պետք է արվի»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ