Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3+3»-ի նման հարթակները միջոց են, որպեսզի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական շփումներն ավելի սերտ լինեն»

Նոյեմբեր 08,2021 14:00

Թուրքիան հոկտեմբերից հայտարարում է հարավկովկասյան տարածաշրջանում «3+3» ձեւաչափի ստեղծման առաջարկի մասին. վեց պետությունների մասնակցություն ենթադրող այս առաջարկը, ըստ թուրքական կողմի, տարածաշրջանային խաղաղության հասնելու համար է։ «Եթե բոլոր երկրները դրական տրամադրվեն մեր առաջարկին, ապա տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,-ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Առավոտ»-ը թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

– Պարոն Խուդավերդյան, ձեր վերլուծությամբ՝ նման հարթակի առաջարկով ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան, եւ, առհասարակ, այս հարթակի իրագործումը որքանո՞վ է իրատեսական։

– «3+3» ձեւաչափը, որի ստեղծման առաջարկը պատկանում է Թուրքիային, ներառում է վեց երկրներ՝ Թուրքիա, Ադրբեջան, ՀՀ, Վրաստան, Իրան, Ռուսաստան։ Հարթակում կան այնպիսի երկրներ, որոնց հարաբերությունները շատ դեպքերում հակադիր են։ Օրինակ՝ Վրաստանը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։ Թուրքիան եւ Իրանը հակադիր են այնքանով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իրանը ներկայում ՆԱՏՕ-ի հետ, կարելի է ասել, լուրջ խնդիրներ ունի։ Միաժամանակ կարող ենք փաստել, որ նման հարթակները դրական առումով կարող են ծառայել ժողովուրդների շփման եւ հաշտության հետագա գործընթացների նախապատրաստմանը՝ որքանով էլ որ, ըստ իս, դրանք լուծում են ոչ թե գլոբալ, այլ տեղային հարցեր եւ կոնֆլիկտներ։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ նման հարթակների ստեղծումն ինքնին դրական երեւույթ է։

– 2020թ. -ի պատերազմից հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանն անպատիժ մնացին ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարումների համար եւ շարունակում են նույն գործելաոճը՝ ՀՀ սահմանի խախտում, գերեվարումներ, ինչպե՞ք եք պատկերացնում ժողովուրդների միջեւ հաշտության գործընթացը։

– Իհարկե, դրական կլիներ, եթե Արցախի հարցը լուծվեր ոչ թե պատերազմով, այլ խաղաղ պայմաններում, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Կարծում եմ՝ մենք հարեւան երկրներ ենք, հետեւաբար՝ պետք է հաշտության եզրեր փնտրենք, որպեսզի կարողանանք իրար հետ կողք կողքի ապրել։ Ուստի նման հարթակները միջոց են, որպեսզի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական շփումներն ավելի սերտ լինեն, որպեսզի առկա տարաձայնությունները լուծվեն փշումների եւ փոխզիջումների ճանապարհով։

– Մասնավորապես ի՞նչ փոխզիջումներ նկատի ունեք։

– Ինչպես հայտնի է, երեսուն տարի է, ինչ Թուրքիան նախապայմաններ է դրել, որոնցից առաջինը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ներառյալ Արցախը։ Մյուսը ցեղասպանության հարցում համաձայնության հասնելն է։ Երրորդն էլ այն է, որ կողմերն անվերապահորեն ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ՀՀ-ն վերջնական ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ՝ եթե այս մթնոլորտում կողմերը շփումներ են սկսել, եւ երկուսի ներկայիս իշխանություններն էլ ասում են, որ կան որոշակի դրական ազդակներ, մեզ մնում է սպասել ու տեսնել, թե ինչ փոխզիջումային տարբերակներ կլինեն, որոնցով էլ տեղի կունենա հաշտեցումը։

– Ստացվում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ պատասխանատվության չենթարկվելու գործոնը, պատերազմի հետեւանքների չվերացումն անտեսենք, ամեն ինչ մոռանանք, ապաշրջափակվե՞նք։

– Հայ-ադրբեջանական հակամարտությունում տարբեր խախտումների վերաբերյալ մեղադրանքները երկուստեք են։ ՀՀ-ն եւ Ադրբեջանը մի շարք միջազգային ատյաններում ներկայացրել են իրենց բողոքները, սակայն եթե իշխանությունները խոսում են հարթակ ստեղծելու եւ երկխոսելու մասին, կարծում եմ՝ այդ երկխոսությունների ընթացքում բոլոր տարաձայնությունները փոխըմբռման ճանապարհով կլուծվեն։

– Իսկ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ նման հարթակների հնարավոր գործարկման արդյունքում մեր ազգային, պետական շահերը չեն ոտնահարվելու։

– Բնական է, որ եթե հարթակ եւ երկխոսություն են ստեղծում, ուրեմն կողմերը փորձում են գտնել այնպիսի լուծում, որպեսզի փոխադարձ շահերը, արժանապատվությունը չոտնահարվեն։ Կարծում եմ՝ հետագա բանակցությունների ու շփումների միջոցով կարելի է լուծումներ գտնել։

– Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք նման հարթակը չի ստվերո՞ւմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթը։ Անխուսափելիորեն, Արցախի հակամարտության չլուծված հարցն այդ հարթակում քննարկման թեմա կդառնա։

– Կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի կայանա հայ-ադրբեջանական հաշտեցում։ Սա էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի պես հարթակ է, որտեղ կողմերն ավելի սերտ շփումներով, իրար խնդիրներն ավելի սերտ ներկայացնելով՝ հետագա շփման շրջանակներն ընդլայնելու նպատակ ունեն։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին փոխլրացնող է, ոչ թե խանգարող։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «3+3» ձեւաչափի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանը պետք է մանրամասներ իմանա, որպեսզի ձեւաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնի։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետեւյալ պայմաններին.

  • Ձեւաչափը պետք է լինի ամբողջական եւ ներառական:
  • Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջեւ փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձեւաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»։

ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանն էլ օրերս հայտարարել է. «Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, եւ «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ պետք է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ՝ առանց լավ կամ վատ կանխակալ վերաբերմունք ունենալով որեւէ առաջարկի հանդեպ։ Մեր համար առաջնայինը ՀՀ շահերն են, վտանգների եւ ռիսկերի հաշվարկումը։ Ամենակարեւոր ընդհանրական մոտեցումն այն է, որ տարածաշրջանային բոլոր համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ձեւաչափերը։ Մեր համար առաջնային է, որ որեւէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ նախագահության հետ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են եւ այս պահին որեւէ որոշման մասին վաղ է խոսել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930