Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ԵՄ-ի հատկացրած գումարների 80-85 տոկոսը չի ստացել իր բացթողումների պատճառով

Նոյեմբեր 08,2021 13:30

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ցավով նշում է՝ Հայաստանը ԵՄ-ի բյուջետային հատկացումները 85-90 տոկոսով թերակատարել է:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ գումարների մասին է խոսքը, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Տարեկան միջինն այդ գումարները եղել են մոտ 15-17 միլիոն եվրոյի չափով՝ մոտ 8-9 միլիարդ դրամի սահմաններում է: Ափսոս են այդ գումարները»:

Գարեգին Մելքոնյանն ասաց՝ դրա պատճառով ԵՄ-ն խնդրին հետաքրքիր լուծում տվեց: Մասնավորապես, երբ 2020-ին մոլեգնում էր կորոնավիրուսը, եւ դրա հետ կապված ԵՄ-ն եկավ այն քաղաքական մոտեցման, որ պետք է համավարակի հետ կապված ֆինանսական աջակցության փաթեթներ տրամադրի երկրներին, այդ եղած գումարները վերաձեւակերպվեցին կորոնավիրուսի աջակցության ներքո եւ տրամադրվեցին ՀՀ-ին: Գարեգին Մելքոնյանը մանրամասնեց. «Այստեղ կա մի նրբություն, որ գրեթե որեւէ մեկը չի ֆիքսվել: Հայաստանին տրամադրված՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական ռեսուրսները հիմնականում շատ մեծ տոկոսային մասով հենց այն գումարներն էին, որոնք Հայաստանը կստանար, եթե իրականացներ բյուջետային աջակցության ծրագրերով տնային հանձնարարությունը: Այն գումարները, որոնք ունեինք ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերով եւ չէինք կատարել պարտավորութունները՝ չէինք ստանալու, ԵՄ-ն դրանք, քանի որ արդեն նախատեսված էր ի սկզբանե Հայաստանի համար, վերաձեւակերպեց որպես կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության համար փաթեթ, տվեց Հայաստանին»:

Խնդիրն այն է, որ եթե ՀՀ-ն իր պարտավորությունները կատարած լիներ, ԵՄ-ի կողմից կստանար ե՛ւ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված գումարները, ե՛ւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ֆինանսական աջակցությունը:

Գարեգին Մելքոնյանը տարիներ շարունակ եղել է ՀՀ-ի ԵՄ աջակցության ազգային համակարգողը: Ըստ նրա՝ բյուջետային աջակցությունը միշտ խիստ կարեւոր է եղել, քանի որ մի պահանջ չկատարելու պատճառով երկիրը կորցնում է կրկնակի՝ ե՛ւ գումար չի ստանում, ե՛ւ բարեփոխում չի անում: Նա պարզաբանեց. «Բյուջեն կորցնում է գրանտային միջոց. դրանք վարկ չեն: ԵՄ-ի կողմից մենք վարկ չենք ստանում: Եթե մյուս դեպքերում ՀՀ-ն վարկ է վերցնում, տոկոս տալիս, այդ պարագայում ընդամենը տնային աշխատանք չկատարելու պատճառով բյուջեն գումար է կորցրել, դա եղել է առնվազն անթույլատրելի»:

Հետաքրքրվեցինք՝ օրինակ՝ ի՞նչ չի արվել, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Օրինակ՝ 12.5 միլիոն եվրո ԵՄ-ն կհատկացներ ՀՀ-ին որակավորումների բարելավման եւ ավելի լավ աշխատատեղերի համար, որոնք ոչ մեկը չի չեղարկվել, հետեւաբար դրանք մնացել են որպես իրավական պարտավորություններ անելու, որի դիմաց գումարային հատկացումներ կլինեին: 8 միլիոն եվրո աջակցություն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար, ինչը եւս չի արվել: Ընդհանուր 98.5 միլիոն է եղել այն, ինչ հրապարակվել է, որից 68.5 միլիոն եվրոն պիտի լիներ ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցության մասով: Այն, ինչ վերաբերում է բյուջետային աջակցության ծրագրին, դրանք բոլոր ծրագրերը երկկողմ ստորագրված միջազգային պայմանագրեր են»: Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ է այդտեղ եղել են բարեփոխումներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից, օրինակ, ինչպես Ստամբուլյան կոնվենցիան, ինչի հետ կապված էլ չի կատարվել պահանջը, Գարեգին Մելքոնյանը այսպես արձագանքեց. «Նման բան չի լինում: Նախապես լինում է բանակցային փուլ, երկիրը նայում է իր իրողություններին: Ռեֆորմ կա, որ լավ բան է, բայց երկիրը գիտի, որ չի կարող անել»:

Այն, որ հայտարարություններ հնչեցին, թե ԵՄ-ն ՀՀ-ին կհատկացնի 6.5 միլիարդ եվրո, հետո նաեւ հնչեցին հայտարարություններ, թե մտադիր են հատկացնել 2.5 միլիարդ եվրո, Գարեգին Մելքոնյանն այսպես պատասխանեց. «ԵՄ-ն չի ասել, որ մենք կհատկացնենք Հայաստանին այսքան միլիարդ եվրո, այլ ասել է՝ մենք մեր աջացությունը եւ ջանքեր կգործադրենք հատկացումներ անելու մինչեւ այսքան գումար: Դա նշանակում է, որ ԵՄ-ն մտածում է այդքան գումար հատկացնելու մասին, այսինքն՝ դրա շուրջ կարող են քննարկել, դիմել իրենց գործընկերներին, որպեսզի նրանք եղած գումարի վրա հավելումներ անեն: Այսինքն՝ դրանք միայն ԵՄ գումարները չեն: Մյուս դոնորներից էլ են ներգրավում: Բայց դրանք արդեն վարկ են, հետեւաբար համարել, որ ԵՄ-ն ասել է՝ մենք ձեզ այսքան գումար կտանք, դա այդպես չէ: Բացի այդ, դա դեռ տեսական մակարդակի խոսակցություն է: Այդտեղ նաեւ գնահատվելու է, այսպես ասած, մարսելու ունակությունը, այսինքն՝ եթե միլիարդանոց փաթեթ բերի, դու՝ որպես պետություն ունե՞ս այդ ինստիտուցիոնալ ունակությունը դա կատարելու: Շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու, որպեսզի այն, ինչ ասվել է, դառնա բանակցություն, մոտենա պայմանավորվածության, թղթով ստորագրվի, եւ հետո Հայաստանը կատարի այդ ստորագրած պարտավորությունները եւ դրա դիմաց գումարներ ստանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930