Ասում է «Պոնչոն»՝ Վահագն Սիմոնյանը
Հայտնի դերասան Վահագն Սիմոնյանին (հայտնի է «Պոնչո» անունով) օրերս հիշեցինք, երբ տեղեկացրինք նրանից կատարված մի գողության մասին: Կորեայի ձորի կամուրջի աջ հատվածում գտնվող նրա՝ ժամանակավոր, չցանկապատված կացարանից գողացել էին 120 հատ հնդկաեղեգ, 29 հատ պադոն, 1 հատ ավտոմեքենայի անիվ, 4 հատ տակառ, 3.000 հատ նռան ծիլ եւ 3 խորանարդ մետր վառելափայտ:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Վ. Սիմոնյանի տեղեկացմամբ, իրեն հասցվել է մոտ 4 մլն դրամի վնաս:
«Առավոտը» նույն օրն այցելեց տասնյակ ֆիլմերում ժպիտ պարգեւած արտիստին (նկարահանվել է «Սպիտակ ոսկոր», «Գաղտնի խորհրդական», «Աճպարար», «Վերջին կայարանը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Առանց սահման»… եւ այլ ֆիլմերում, ռուսական հեռուստասերիալում: 2013թ. «Եթե բոլորը» ֆիլմի համար Չինաստանի միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի-Ռ.Մ.):
Կարդացեք նաև
Մեր դիմաց ժամանակից շուտ ծերացած, ժպիտը կորցրած դերասանն էր: «Մեկ տարի է՝ գտնվում եմ անօթեւան վիճակում: Ինձ «քցել» են քսանյոթ հազար դոլար: Գումարը տարել են Եղվարդ, ինչ-որ «բիրիքնոց»: Ես չգիտեմ՝ անապատո՞ւմ եմ ապրում, թե՞ երկրում, ինձ մոռացել են: Սերմացու գողացող կռիսների նման սուտ բաներ գրելով՝ ինձ հանեցին իմ բնակարանից»,-ասում է Վահագն Սիմոնյանը:
Նա ցույց է տալիս բաց երկնքի տակ «հավաքած» կացարանը, եթե ցուրտ չէ, քնում է այդտեղ, հիմա ցրտերն ընկել են, հաճախ քնում է լուսանկարում պատկերված ավտոմեքայի մեջ, ուտում անվադողի մեջ աճեցրած կարտոֆիլը, մտածում մարդկանցից իր փախուստի մասին… Նրանից երեք ամիս առաջ գողություն էր կատարվել նույն այս «կացարանից», գողացել էին իր պահած շան ձագին, ավազ, կոշիկները, գուլպաներն անգամ: «Մի երեք ամիս առաջ էլ, երբ Կորեայի ձորի կամուրջն էին սարքում, էլի գողություն եղավ, տարան շանս, որն իմ ծոցում էր քնում, ոստիկանները քրեական գործ հարուցեցին, սակայն ոչինչ չարվեց: Ես էլ ունեմ որոշ տեսանյութեր, որ գցեմ «Յութուբ», այն իրոք համացանցը կպայթեցնի: «Յութուբն» ամենաուժեղ դատարանն է: Ոստիկանները եկան, եւ պատմեցի, որ «ԶԻԼ» մեքենայով տարել են ապրանքս»,-ասում է նա:
Վահագնը դատարանների հետ դեռ գործ ունի: «Առավոտը» վեց տարի շարունակ լուսաբանեց նրա դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը, դատաքննություն, որն ավարտվեց նրանով, որ չորս տարվա ազատազրկման դատապարտվեց, ապա նրա նկատմամբ կիրառվեց Համաներում, ինչի դեմ բողոք ներկայացրեց վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ բողոքը նույնպես մերժվեց եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց ուժի մեջ: Սիմոնյանը չի ընդունում Համաներումը՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Վահագն Սիմոնյանին դատարանն ազատել էր պատժից, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը վերացրել է ():
Նա ասում է՝ անմեղ է, որեւէ հանցագործություն չի կատարել, որ մի հատ էլ իրեն «համաներեն». «Իմ տպավորությունն այն է, որ ոչ էս դատարանը, ոչ էն դատարանը չեն կարդում գործիս նյութերը, այն ոտից գլուխ սուտ է, սուտ էին վկաները, մեղադրանքը պաշտպանած դատախազը, տուժողը, սուտ էին շտապօգնության բժիշկները: Իմ գլխին սարքել են, դատում են անիմաստ տեղը»,-ասում է նա:
Հիշեցնեմ, որ Վահագն Սիմոնյանի մեղադրական եզրակացության համաձայն, նա 2015թ. օգոստոսի 24-ին, ժամը 20:20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց վիճաբանել է նախկին աներոջ հարեւանի՝ Ռ.Գալստյանի հետ, որի ընթացքում «ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի հասցեին, եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ` պատճառելով առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նա ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին»: Առարկան, որը նշվում էր, ենթադրյալ էլեկտրաշոկն էր:
Մեր զրույցի ժամանակ, որին ներկա էր քաղաքացիական գործով նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, տեղեկանում եմ, որ դիմելու են Վճռաբեկ դատարան: Պահանջը մեկն է՝ արդարացնել, ճանաչել Սիմոնյանին տուժող:
Վահագն Սիմոնյանն իր այս նոր կարգավիճակի պատճառով չի կարողանում նկարահանվել. չի կարող ձորից հենց այսպես գնալ նկարահանման տաղավար, այլեւս խաղալ ֆիլմերում: Պիտի սիրտ լինի, մաքուր ներս, մաքուր դուրս, իսկ պղտոր գետակում լողանալ արդեն չի կարող… Ձմեռն է մոտենում, իսկ նա դրսում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2021