Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր եւ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ
– Տիկին Աշխարոյան, այս տարի Հայաստանը, եթե չենք սխալվում՝ 2 տասնամյակ անընդմեջ մասնակցությունից հետո, ներկա չէր աշխարհում ամենագլխավոր ու հեղինակավոր՝ Ֆրանկֆուրտում անցկացվող գրահրատարակիչների ոլորտի միջոցառմանը։ Այս առիթով «Առավոտը» եւ հավանաբար մեր գործընկերները եւս սպասում են նախարարության պարզաբանմանը։
Դուք՝ «Անտարես» եւ «Էջ» ընկերությունների ներկայացուցիչներդ, օրերս եք վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Շարժայի հրատարակիչների կոնֆերանսից, որին արդեն երկրորդ անգամ էիք մասնակցում։ Խնդրում ենք պատմել դրա մասին։
– Շարժայում հրատարակիչների կոնֆերանսը եւ դրան հաջորդող գրքի ցուցահանդեսը վերջին տարիներին մեծ հղինակություն են վայելում (կոնֆերանսն անցկացվում էր 11-րդ անգամ, իսկ գրքի ցուցահանդեսն ավելի երկար պատմություն ունի- Ս.Դ.)։ Այս տարի շուրջ 500 հրատարակիչ էր հրավիրված։ Ես հայ հեղինակների գործերի թարգմանության իրավունքներն էի վաճառում։ Վերադարձել եմ առնվազն մի քանի լավ գործարքի ակնկալիքով։
– Այս տարի ո՞ր հեղինակներին էիք «առաջ մղում»։
Կարդացեք նաև
– «Առաջ մղումը» լավ ասացիք։ Առաջին հերթին Արամ Պաչյանի՝ որպես Եվրամիության 2021թ. մրցանակակրի եւ հատկապես կին գրողների՝ Սուսաննա Հարությունյան, Աննա Դավթյան, Նարինե Կռոյան եւ Քրիստինե Սարգսյան։
– Քրիստինե Սարգսյանը կարծես անծանոթ թվաց։
– Քրիստինեն ոչ-գեղարվեստական գրական ոլորտից է։ Մանրամասնեմ. վերջին շրջանում աշխարհում մեծ պահանջարկ ունի non-fiction կոչվածը, այսինքն՝ ոչ-գեղարվեստական ոլորտը (մոտիվացիոն, գիտահանրամատչելի եւ այլն)։
– Շուրջ 10 տարի շփվում եք արտերկրի գործակալների, հրատարակիչների հետ եւ ժամանակին մեզ հայտնել էիք, թե նրանք զարմացած են ձեր ներկայացրած գրողների ցանկում կանանց թվի սակավության առիթով…
– Շարունակելով ձեր խոսքը՝ փաստեմ, որ վերջին 3-4 տարիներին այդ բացը կարծես լրացվել է։
– Մենք տեղեկություն ունենք, որ հանդիպել եք նաեւ Շարժայի շեյխի դստերը։ Դա կապ ունե՞ր ձեր գործունեության հետ։
– Խոսքը շեյխա Բուդուր Ալ Քասիմիի մասին է, որը Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահն է։ Այո, դա գործնական հանդիպում էր, որի շրջանակում զրույց ենք ունեցել Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի՝ միջազգային այդ կառույցին անդամակցելու շուրջ։ Այդ նպատակով օրերս էլ պատրաստվում եմ հանդիպել մեր հրատարակիչներին։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը նման կառույցների անդամ լինի։
– Համավարակը ինչպե՞ս է անդրադարձել ձեր գործունեության վրա։
– Մեր աշխատանքում նույնիսկ անհրաժեշտ են շփումները արտասահմանցի գործընկերների հետ։ Բնականաբար, ոչ միայն մեզ մոտ, այլեւ աշխարհում են դանդաղել գործընթացները։ Սակայն շարունակում ենք աշխատանքները նոր հեղինակների փնտրտուքների, նրանց գրքերի հրատարակման նպատակով։
– Հասկանալի պատճառով վերջին շրջանում շատ ենք լսում, թե երկրի առջեւ ծառացած հսկայական խնդիրների շարքում մշակույթն ու արվեստը ամենակարեւորը չեն։
– Ես կասեի՝ ամենակարեւորն են։ Հատկապես այս օրերին, այո, հասկանալի պատճառով, էլ ավելի ակտիվ պետք է լինենք։ Միանշանակ, շատ կարեւոր է աշխարհին ներկայացնել մեր մշակույթը, տվյալ դեպքում՝ գրականությունը։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2021