Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կետադրիր ինձ. թող այսօր էլ հայելիս ինձ սեւագիր չկարծի»

Նոյեմբեր 08,2021 12:00

Դիտարկումներ Ռաֆ Բարաթյանի ստեղծագործությունների շուրջ

Ռաֆ Բարաթյանը վեց բանաստեղծական գրքերի հեղինակ է: Գրքերից մեկը անգլերեն թարգմանությամբ է: «Նռնաքարի հետքը», «Մինչ արեւագալ», «Մենապար», «Խրամատի սրտագիր», «Չու», «Տողադարձված շնչառություն». այս վերնագրերով ժողովածուներում հեղինակն առաջին հերթին անկեղծացել է ինքն իր հետ, բացահայտել զգացածն ու փորձել բանաստեղծական երանգներ տալ բառերին:

Պատերազմի հետքը նրա «Խրամատի սրտադիր» ժողովածուում հստակ ուրվագծված է եւ այն հեղինակը նվիրել է քառասունչորսօրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Տաք տողերում ամեն մեկը կգտնի իր վիշտն ու սփոփվելու ուրույն ձեւը:

«Քո արցունքով// խաղաղություն եմ գործում,// Մայր…». Ռաֆի տողերն են՝ սեղմված, բայց շատ բան ասող ու եթե ընթերցողը տողատակում պրպտա՝ խորը փիլիսոփայություն կգտնի: Հայրենիքի ու մոր անքակտելի կապը առաջին իսկ տողից նկատելի է նրա ստեղծագործական կյանքում: Նա չի փորձում բառակույտեր ստեղծել՝ գեղարվեստական ինչ-որ դաշտ հասնելու կամ ասելիքի բովանդակությունը բարդացնելու համար, այլ անմիջականության դաշտ է ստեղծում՝ տողի հետ զրուցելու, զգալու, պատահականություններից խուսափելու: Հայաստանն ու Արցախը տողերում միավորված են՝ որպես զինվորի մոր ափերի մեջ ծաղկող միակ հողակտոր, ծլունակ սերմ:

Գրքում առանձին ստեղծագործություն կա նվիրված պատերազմում հերոսաբար զոհված գրող Վաչագան Մանուկյանին: «Քեզնից մինչեւ քեզ»// ճանապարհը// Աստվածաշունչն է…,-գրում է հեղինակը, ապա շարունակում, որ այն թարգմանելու պատերազմները նրա գրած բառերի սիրտն առան:

Ցավն իր մեջ ամեն ինչ ներառում է: Հետաքրքիր է, որ նաեւ լռություն է տիրում նրա տողերում՝ ցավի հետ միահյուսվելով եւ նոր արարումների պատճառ դառնալով: Բանաստեղծական տողերում ինքնապատասխաններ են ի հայտ գալիս՝ հասանելի եւ անհաս երեւույթների: «Սահմաններդ,//հայրենի՛ եզերք,//քո տեսադաշտից// վայրկյան-վայրկյան էին հեռանում»,-գրում է Ռաֆ Բարաթյանը, հետո երկխոսության մեջ ասելով, որ հայրենիքը կորցրած մարմինը դաշտերով, լեռներով ու ձորերով է ճանաչում:

Մարդու զգացական ներաշխարհում կատարվող սինթեզները հետաքրքիր բովանդակությամբ հաղորդված են նրա «Մենապար» ժողովածուում, որտեղ կարծես ստեղծագործական-կենսագրական համեմատություններ են արվում: Երբ Ռաֆը «բառերով տուն է նկարում Աստծո ափերի մեջ», պատուհանները լինում են փակ, խոնավ պատերով ու ցածր տանիքով, իսկ երբ արդեն մայրը հեղինակի ափերի մեջ առանց բառերի նկարում է Աստծո տունը՝ պատուհանները բաց են լինում, պատերը՝ չոր, իսկ տանիքը՝ բարձր: «Հիմա ամեն առավոտ// ես ու Աստված// միմյանց ձեռք ենք սեղմում// ու նկարում քեզ// Մա՛յր»,-հեղինակն այսպես է ավարտում «Մեր տունը» պատկերային-հուզազգացական բանաստեղծությունը: Հենց «Մենապար» գրքի «Աստծուց մինչեւ մայր» ենթաբաժինը մայրերգություն է, հետաքրքիր համեմատություններով հագեցած:

«Չու» ժողովածուն էլ ընդգրկում է թարմ շունչ ունեցող որոշ գործեր, որտեղ ինքնահաստատումի եզրեր ենք գտնում:
Այնպես չէ, որ բանաստեղծական այս ժողովածուներում ամեն ինչ անթերի ու բանաստեղծական է: Ոչ, կան այնպիսի գործեր, որոնք ուղղակի հեղինակի կողմից ճիշտ ձեւակերպում չեն ստացել եւ ինչքան էլ բառերը լինեն գեղեցիկ ու ներդաշնակ, պոետիկական երանգ չկա: Մի քանի ստեղծագործություն էլ ուղղակի բառահեղեղ է եւ նկատելի է պատկերային ու մտածական կրկնությունները: Ահավասի՛կ, այս ժողովածուի ստեղծագործություններից մեկը. «Երեկ// հորս ու մորս դիմագծերով// տունս նկարելու համար// ես Աստծո բնորդն էի»:

Բոլոր գրքերում էլ կան պատկերային կրկնօրինակումներ, որոնք ընթերցելու ժամանակ են ի հայտ գալիս: Բայց եւ այնպես, պետք է նշել, որ հեղինակին հաջողվում է հոգուց բխած բառերով կառուցել իր պոեզիայի էությունը, շունչ հաղորդել՝ որպես կյանքի, ապրածի ու զգացածի հետագիծ:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930