Սկիզբը՝ այստեղ:
Ինչպիսի՞ Հայաստան են նրա ղեկավարներն ու ժողովուրդը պատկերացնում ապագայի համար
Բանավեճի անհրաժեշտությունը
Ա. Մի երկրի համար, որի ընտրության հնարավորություններն արդեն սահմանափակ են, առողջ քննարկման ու բանավեճի անհրաժեշտությունը՝ ի տարբերություն բանավոր վիրավորանքների ու հիստերիկ աղմուկի, որոնք քննարկումն անհնար են դարձնում, խիստ կարեւոր են։
Բ. Բանավեճը կարող է սկսել՝ պատասխանելով մի քանի փոխկապակցված ու անմիջականորեն համապատասխան հարցերի. Հայաստանն ու Ղարաբաղն արդյո՞ք ընդունում են 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Եթե այո, ապա դրան ի՞նչ է հետեւելու։ Եթե ոչ, ապա Հայաստանի կառավարությունը կամ Ղարաբաղի իշխանությունները ինչպե՞ս կառաջարկեին փոխել այն։ Եթե բանակցությունների միջոցով, ապա ո՞ւմ հետ։ Եթե պատերազմով, ապա ի՞նչ բանակով։ Արդյո՞ք Հայաստանի վերակառուցումը պիտի լինի նոր իրողությունների հիմքի վրա, թե՞ Հայաստանը նպատակ ունի փոխել իրողություններն ու Հայաստանը դնել մշտական պատերազմի ճանապարհին։
Կարդացեք նաև
Գ. Այս եւ այլ հարցերի շուրջ արդյունավետ բանավեճի համար կարեւոր է սահմանել, թե կարծիքների տարբերություններն արդյո՞ք (ա) ռացիոնալ ու ստուգելի տարբերությունների վրա հիմնված վերլուծությունների պատճառով են, եւ, հետեւաբար, դառնում են մեկնաբանությունների հարց, (բ) զուտ քաղաքական բնույթի են, որ նշանակում է՝ դիրքորոշումներն ու քաղաքականությունները պարզապես իշխանության հասնելու հարմար գործիք են, (գ) փիլիսոփայական բնույթի են, որը նշանակում է՝ կան խոր ճեղքեր այն պատկերացումների միջեւ, որ տարբեր խմբերն ունեն Հայաստանի, հայ ժողովրդի ապագայի եւ տարածաշրջանի ու աշխարհի հետ նրանց հարաբերությունների մասին։
Դ. Երկրորդ հարցը, որին հիմա պետք է պատասխանել, այն է, թե ինչպիսի՞ Հայաստան են նրա ղեկավարներն ու ժողովուրդը պատկերացնում ապագայի համար՝ հաշվի առնելով պետության կարողություններն ու ներուժը, իրական ակտիվներն ու սահմանափակումները։ Այս հարցերի պատասխանը կսահմանի կամ գոնե պետք է սահմանի Հայաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ քաղաքականությունները։ Պատրանքները պետք չէ ներկայացնել որպես տեսլական։ Տեսլականները, ի տարբերություն պատրանքների, պետք է համապատասխանեն այն ակտիվներին, որոնք կա՛մ ներկայումս առկա են, կա՛մ կարելի է դրանք ձեռք բերել պատշաճ ու խելացի ռազմավարություններով եւ ներդրումների միջոցով։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չպետք է մոռանան, որ կենսունակ, գործող, մի խոսքով՝ բնականոն պետություն ստեղծելու նպատակը գոնե նախապայմանն է ցանկացած այլ տեսլականի, որ կարելի է փայփայել։
Ե. Թույլ կողմերը գիտակցելն ամոթ չէ, ներառյալ ուրիշների նկատմամբ ունեցած թուլությունները։ Դա չանելն է վնասակար։ Կոշտ հռետորաբանությունն ու առավելապաշտությունը չեն վերացնի անհավասարակշռությունը, բացառությամբ ներքին քաղաքական սպառման համար։ Հայաստանի եւ Ղարաբաղի խոցելի կողմերը այլապես տեսանելի են բոլորին։ Հնարավոր չէ փոխհատուցել ներկայիս թույլության նշանակությունը՝ վաղը գերտերություն դառնալու նախագծով, որը պահանջում է քաղաքացիներին մթության մեջ պահել, կամ որ ավելի վատ է՝ կուրացնել նրանց։
Զ. Կարեւոր է հիշել, որ այն, ինչ Հայաստանի առաջնորդներն ասում եւ անում են, նույնքան կարեւոր է իր հետեւանքներով, որքան այն, ինչ ուրիշներն են ասում եւ անում։
Է. Հայաստանի ղեկավարներն ու քաղաքացիներն ի վիճակ են եզրակացնելու, որ այս հարցերի շուրջ պետք է բանավեճի մեջ մտնել եւ պատասխանների միջեւ ընտրություն կատարել։ Քաղաքական կուսակցությունների, մտավորական վերնախավերի եւ ԶԼՄ-ների պատասխանատվությունն է վստահելի այլընտրանքներ ներկայացնել քաղաքացիներին՝ որպես Հայաստանի հավակնությունների համախմբման բանալի՝ գործող պետություն եւ ավելին լինելու համար:
Առաջարկություններ
Մինչ առանձին մտահոգություններին ու առաջարկություններին անդրադառնալը՝ շատ օգտակար է կրկին նշել Հայաստանի ապագայի համար առանցքային կարեւորություն ունեցող երեք հիմնական ուղղությունները, որոնք 2018 թ.-ին ձեւակերպել էր հանգուցյալ ականավոր դիվանագետ Ռուբեն Շուգարյանը.
Ա. Հայաստանը պետք է իր տունը կարգի բերի։
Բ. Հայաստանը պետք է համաձայնեցնի պետական եւ ազգային շահերն՝ առհասարակ, սակայն հատկապես հակամարտությունների ու պատերազմների ժամանակ։
Գ. Հայաստանը պետք է ազգային ինքնության հարցերի շուրջ լուրջ քննարկում ունենա, որը կարող է հանգեցնել համաձայնության՝ այն հարցի շուրջ, թե որտեղ է գտնվում Հայաստանը մշակութային եւ քաղաքական առումով։
Քաղաքականություն մշակելու չորս եղանակ կա.
1. Ռեֆլեքսորեն կամ ամբարտավան ինքնագոհությամբ,
2. Մտածելով ինստիտուցիոնալ կամ կուսակցական շահերի մասին,
3. Կեղծելով վերլուծությունը. սկսելով կարծիքից կամ համոզմունքից, ներկայացնելով այն որպես լուրջ քննարկման եզրակացություն, այնուհետեւ վերադառնալով վերլուծությանը՝ գտնելու այն արդարացնող փաստեր եւ փաստարկներ,
4. Իրականում ճիշտ հարցադրումն անելով, վերլուծելով ու գնահատելով՝ առանց կանխորոշված արդյունքների, հաշվի առնելով կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններն ու օրինաչափությունները, որոնք հանգեցնելու են լավագույն հնարավոր արդյունքներին։
Սույն զեկույցի հեղինակները կարծում են, որ Հայաստանն ու Ղարաբաղն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ առաջին երեք տարբերակների շռայլությունը. որոնք կարող են հանգեցնել եւ հանգեցրել են աղետալի հետեւանքներով պատրանքների վրա հիմնված քաղաքականության։
Հեղինակների առաջարկությունները վերաբերելու են քաղաքականության մշակման եւ իրագործման երկու փուլերին։
Առաջին փուլը ներառում է անմիջական մտահոգությունները։ Ի՞նչ պետք է անել, եւ ինչ ՉՊԵՏՔ է անել ՀԻՄԱ։ Փոքր պետությունները, հատկապես նրանք, որոնք հայտնվել են սարսափելի իրավիճակում, հաճախ հավելյալ դժբախտություններ են ստեղծում՝ «ինչ ՉՊԵՏՔ է անել»-ու ցուցակ չունենալու պատճառով։
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)
«Առավոտ» օրաթերթ
06.11.2021