Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»․ Փաշինյանը՝ համանախագահների՝  տարածաշրջան այցի մասին

Նոյեմբեր 07,2021 23:34

«Խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել եւ դա արել ենք մի քանի անգամ, շատ տարօրինակ է այդ հայտարարությունը, որ Հայաստանը չի արձագանքել»,-այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանին խաղաղության առաջարկ է արել, սակայն արձագանք չկա։

Վարչապետի խոսքով․«Հայաստանը արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է, նաեւ մենք ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձեւաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է: Եվ մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին եւ պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ։ Մենք ընդհանրապես խաղաղ դարաշրջան բացելու օրակարգ ենք որդեգրել եւ այդ դարաշրջանը բացելու մանդատ ենք ստացել ժողովրդից արտահերթ խորհրդարանական ընտրություններում, դա արձանագրել ենք կառավարության ծրագրում»։

Վարչապետն ասել է, որ Հայաստանի պատկերացմամբ խաղաղության շուրջ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է։
Անդրադառնալով հարցին՝ արտգործնախարարները հանդիպել են այդ ֆորմատի շրջանակներում, ապա հայտարարություն եղավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան պետք է այցելեն, բայց ինչո՞ւ մինչեւ հիմա չկա կոնկրետ գործողություն, վարչապետը պատասխանեց․ «Վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, եւ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ եւ ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել, ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930