Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներկայացրել է, թե Ադրբեջանի հետ ավտոմոբիլային որ ճանապարհների շուրջ են քննարկումները

Նոյեմբեր 07,2021 23:13

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու Մեղրիի միջանցքի խնդրին։

Հարցին՝ ՌԴ-ն հայտարարեց զանգեզուրյան միջանցքի մասին, ըստ որի, եթե ճանապարհները բացվեն, ապա այդ երկրները պետք է սուվերեն իրավունք ունենան այդ ճանապարհների վերահսկողության, կարո՞ղ ենք արձանագրել, որ միջանցքի թեման փակված է, Փաշինյանը պատասխանել է՝ այդ թեման փակված է եղել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 9-ին, երբ եռակողմ հայտարարությունը ստորագրված է եղել․«Ես շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցի, որովհետեւ ՌԴ-ն երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել եւ հրապարակայնացվել է ավելի ճիշտ ոչ թե ՌԴ դիրքորոշումն, այլեւ այդ թվում Ադրբեջանի դիրքորոշումը»։

Փաշինյանը հիշեցրել է Թուրքիայի՝ նախորդ օրն արված հայտարարությունը․ «Նրանք, ճիշտ է, միջանցք արտահայտություն են անում, բայց ասում են այդ միջանցքը պետք է լինի ՀՀ վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, Ադրբեջանն էլ է շահագրգռված, ՌԴ-ն էլ, Իրանն էլ, Թուրքիան էլ։ Խնդիրը այստեղ բանաձեւերի վերաբերյալ ընկալումների մոտեցնելու եւ նույնականացնելու մասին է»։

Նիկոլ Փաշինյանը ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցող աշխատանքային խմբի աշխատանքների մասին ասել է՝ ահռելի աշխատանք է կատարվել, սկզբից կատարվել է զուտ տեխնիկական աշխատանք․«Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել, եւ ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետն ասում է ՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա այն մասին, որ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ։ Այս թեստը այն մասին է, որ տրանսպորտային գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն եւ եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումները այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին։ Մեր ընկալումն, այն է, որ այո,Ադրբեջանը պիտի Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջեւանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, եւ մենք պատրաստ ենք։ Հայաստանի Հանրապետությունն էլ հաղորդակցություն պիտի ունենա ՌԴ-ի, Իրանի հետ։ Ընդ որում, երբ խոսում ենք Ադրբեջանը հաղորդակցություն ունենա Նախիջեւանի հետ, խոսում ենք այն մասին, որ հաղորդակցություն կունենան Թուրքիայի հետ։ Մենք միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում»։

Աշխատանքային խումբը, Փաշինյանի ներկայացմամբ, գծագրել, ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջեւան-Ղազախ հատվածը, Բերդ-Թովուզ, Անգեղակոթ-Պիչենեկ, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատվածը․«Մեր ընկալումն այն է,որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորդազի երկաթուղին պետք է կառուցվի՝ ՀՀ-ն իր տարածքում, Ադրբեջանն՝ իր։Աշխատանքային խումբը սեղանին է դրել է բոլոր հնարավոր ուղիները, եւ պետք է քննարկումներով գանք համաձայնության»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930