«Կարող ենք արձանագրել, որ պատերազմը դադարել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման բերումով։ Այս առումով բարձր եմ գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում»,-այսօր այս մասին Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ ասել է, որ այդ հայտարարության շատ կարեւոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայված․ «Որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում, որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։ Պիտի ցավով նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմը նաեւ ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում եւ սա արձանագրել են նաեւ խաղաղապահները, եւ ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի եւ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ»։
Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո 28 զոհ ենք ունեցել․«Մասնավորապես նկատի ունեմ նաեւ Խծաբերդ եւ Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին։ Նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել, եւ սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ