Շաբաթ, 6 նոյեմբեր 2021-ին Քյոլնի Domforum հանդիսահրահում, Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի կազմակերպությամբ, համերգային գեղեցիկ ծրագրով նշվեց 20-րդ դարի հայ մեծագույն երգահաններից մեկի՝ Առնո Բաբաջանյանի, ծննդյան 100-ամյակը։
Հանուն Առաջնորդարանի համերգի բացումը կատարեց ու Առնո Բաբաջանյանի համառոտ կենսագրականը ներկայացրեց Թեմական Խորհրդի ատենապետ պարոն Սերովբե Օդաբաշյանը։
Համերգին առաջին բաժնում Քյոլնի Հայ Համայնքի «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ (խմբավարուհի Անուշ Նազարյան, դաշնակահարուհի՝ Իռենե Թաբաքեր) հնչեցին հայ երգահանների մի շարք ստեղծագործություններ, ի շարս որոց Ռոմանոս Պետրոսյանի՝ «Մուսա լեռան կարոտը», Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ»-ը, Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ»-ը, Ալեքսանդր
Հարությունյանի «Հայրենիքիս հետ»-ը։
Կարդացեք նաև
Համերգի երկրորդ բաժինը ստանձնել էին Գերմանիայում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի երիտասարդ երաժիշտներ Գուրգեն Բավեյանը (բարիտոն) եւ դաշնակահարուհի Դիանա Սահակյանը։ Տաղադաշատ երաժիշտները հնչեցրեցին Առնո Բաբաջանյանի մի շարք գործեր, ինչպես օրինակ՝ «Մեղեդի», «Էլեգիա», «Վաղարշապատի պար» դաշնամուրային գործերը, ինչպես նաեւ Բաբաջանյանի սիրված երգերից՝ «Верни мне музыку», «Սիրո երգ», «Իմ Երեւան», «Սերենադ» (Երեւանի սիրուն աղջիկ) ստեղծագործությունները։ Համերգի ընթացքում հնչեցին նաեւ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։
Երաժիշների փայլուն կատարումներն արժանացան հայ եւ գերմանացի շուրջ 80 հադիսականների ջերմ եւ երկարատեւ ծափահարություններին (Թագաժահրի պատճառով տեղերը սահմանափակ էին)։ Ներկաներն ուրախ էին եւ շնորհակալ, որ թագաժահրով պայմանավորված երկար ընդմիջումից հետո կրկին ունկնդիրն եղան բարձրակարգ համերգային ծրագրի։
Համերգը վայելում էր Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հովանավորությունը, ով անձնապես նույնպես ներկա էր համերգին։
ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ