Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեքիաթ քնից առաջ»․ Տիգրան Հարությունյանի հեքիաթային մոլորակը

Նոյեմբեր 07,2021 20:24

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվեց երիտասարդ նկարիչ Տիգրան Հարությունյանի «Հեքիաթ քնից առաջ» անհատական ցուցահանդեսը։

2021 թվականի սեպտեմբերին, վերադառնալով բանակից և վերականգնվելով իր ուսումնական հաստատությունում` ԵԹԿՊԻ-ում, բախտ ունեցավ ծանոթանալ Լիլիթ Մովսիսյանի հետ, որը սովորում է նույն ինստիտուտի արվեստի կառավարում բաժնում:

«Մեր նպատակներն ասես զուգադիպեցին. Լիլիթը ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել, իսկ ես ցանկանում էի ցուցահանդես ունենալ»,-անկեղծանում է նա։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլիթ Մովսիսյանը, ծանոթանալով Տիգրանի աշխատանքներին, հասկացավ, որ դրանք պետք է ավելի մեծ լսարանի ուշադրության արժանանան, որովհետև  երիտասարդ նկարչի կտավներում կա բարություն, ջերմություն և դրական, անսպառ էներգիա։

«Նրա աշխատանքները տարբերվող են, և յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը, անգամ ունի իր բնակության վայրը, որը Տիգրանը պատկերել է իր ստեղծած քարտեզում։ Նրանք բոլորը Տիգրանի հորինած Տելգամիդայի բնակիչներն են, որոնք մեզ իրականությունից կտրում և տանում են վառ հեքիաթային մոլորակ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Լիլիթ Մովսիսյանը՝ հավելելով, որ իր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, որին աջակցել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը։

Տիգրան Հարությունյանը 4 տարեկանից է զբաղվում նկարչությամբ: Հաճախել է նկարչական խմբակ, նաև զբաղվել խեցեգործությամբ: Հիշում է, որ 2008 թվականին է ստացել առաջին պատվոգիրը՝ Լեհաստանում կայացած միջազգային մրցույթի շրջանակում: Ապա մեկ տարի անց Եգիպտոսից արծաթե մեդալի է արժանացել, այնուհետև պատվոգիր՝ Բելառուսից։

2010թ.-ից սովորել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրում: Այդ ժամանակ ավելի խորն է ուսումնասիրել կերպարվեստը, դրա տեսակներն ու ոճերը:

«Այդ տարիներին բավական փակ էի, ամաչկոտ, շատ ընկերներ չունեի, բայց այդ ամենի հետ մեկտեղ չափազանց էմոցիոնալ էի: Քանի որ այլ մարդկանց մոտ չէի կարողանում արտահայտել էմոցիաներս, որոշեցի, որ ինձ պետք է մի ալտերնատիվ տարածություն, որտեղ ես կկարողանայի մենակ մնալ մտքերիս և զգացմունքներից հետ»,-ասում է երիտասարդ նկարիչը՝ շարունակելով, որ երբ 14 տարեկան էր, իր մտքում սկսվեցին հայտնվել աղոտ պատկերներ, որոշ պատկերներ` երազում, որոշ պատկերներ էլ՝ ուղղակի այգում քայլելիս:

«Ես հնարավորություն էի տալիս ինքս ինձ հաճախ կտրվելու առօրյայից և որոշ ժամանակ անցկացնել այնտեղ՝ այդ ալտերնատիվ իրականությունում: Սկզբում ընդամենը մի գունեղ տարածք էր, որտեղ ես ինձ անասելի լավ էի զգում, անում էի այն ամենն, ինչ մտքովս անցնում էր: Որոշ ժամանակ անց պատկերները սկսեցին ավելի հստակ դառնալ, ավելի մանրամասնորեն էի պատկերացնում այդ փոքրիկ աշխարհի կառուցվածքը: Հասկացա և որոշեցի, որ ժամանակն է այդ աշխարհին անուն տալ,-ասում է Տիգրան Հարությունյանը։-Վաղուց, ենթագիտակցությանս մեջ ասես մի անուն դրոշմված լիներ՝ Տելգամիդա… Ահա այդ անունով էլ անվանակոչեցի իմ աշխարհը: Ինձ հաճույք էր պատճառում արարելու կարողությունը, ես սկսեցի պատմություններ գրել Տելգամիդայի մասին, գծում էի քարտեզը, նշում անտառները, լեռները, քաղաքները, դաշտերն ու մարգագետինները, ծովերն ու կղզիները: Եվ ահա շուտով հասկացա, որ ժամանակն է բնակեցնել այդ հրաշք աշխարհը: Օրեցօր իմ գլխում սկսեցին ծնվել մարդկանց և այլ անիրական արարածների կերպարներ: Նրանց մեջ կային և՛ գիշատիչներ, և՛ վհուկներ, և՛ կախարդներ՝ բարի և չար, փերիներ, անդեմներ, փոքրիկ մարդուկներ, քառագլուխ կենդանիներ և այլն»,-ժպտում է Տիգրանը։

Զրուցակցիս խոսքով` Տելգամիդայի առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ բոլորը ապրում էին հարմոնիայի մեջ: Տիգրանն էլ ամբողջ հոգով սիրեց նրանց և վստահ է, որ նրանք էլ իրեն են սիրել։

2017 թվականին Տիգրանն իր համար հայտնաբերեց այնպիսի ոճ, որ որոշ առումներով սյուրռեալիստական է, որոշ առումներով` մոգական, որոշ առումներով էլ՝ բուն ռեալիստական:

«Կերպարներիցս յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, իր յուրահատուկ էությունն ու էմոցիոնալ աշխարհը, և դա ինձ ավելի էր մոտեցնում նրանց: Այդ ժամանակ էլ սկսեցի խոսել Տելգամիդայի և այտնեղի բնակիչների մասին՝ բարձրաձայն»,-ասում է նկարիչը` հավելելով, որ սկզբում ընկերների շրջապատում, ապա սոցիալական ցանցերում հրապարակում էր նկարները` կցելով պատմություններ:

Մարդիկ սիրեցին Տիգրանի ստեղծած կերպարները, որն էլ նրան սկսեց ոգեշնչել։

2018թ-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժինը:

«Կերպարներս դեռ շատանում էին, տարեցտարի Տելգամիդան բնակեցվում էր նոր բնակիչներով ու կենդանիներով, թռչուններով ու բույսերով»,-հիշում է Տիգրանը՝ նշելով, 2019թ.-ի ամռանը զորակոչվեց հայոց բանակ։ Կարծում էր, որ Տելգամիդայի պատմությունը որոշ ժամանակ կիսատ կմնա, կկարողանա շարունակել 2 տարուց։ Ծառայության 5-րդ ամսում նա հնարավորություն ստացավ ստեղծագործելու և շարունակելու իր պատմությունը:

«Բանակում նկարեցի 4 նկար, որոնք կրկին շարունակում էին Տելգամիդայի շղթան: 2020թ.-ի օգոստոսին սկսեցի մի կտավ, որը, սակայն, սեպտեմբերի 27-ին կիսատ մնաց…»,-հիշում է պատերազմի սկիզբը՝ շարունակելով, որ պատերազմի ողջ ընթացքում անասելի ուժ էր ստանում այն մտքից, որ պետք է անպայման ողջ և առողջ հետ գա ու ավարտին հասցնի նկարը։

Նոյեմբերի 4-ին վերադարձավ զորամաս ու անմիջապես գործի անցավ: Նոյեմբերի 6-ին ավարտեց նկարը` շեշտը դնելով հատկապես նկարի հետևի ֆոնից թափանցող լույսի շողերի վրա, որոնք այդ պահին իր համար ավելի շուտ հույսի շողեր էին ընկալվում:

«Մեծ հույս ունեի, որ նկարիս լույսը իր ջերմ ու դրական ազդեցությունը կունենար այդ մռայլ իրադրության վրա, որ պատերազմը վերջապես կավարտվեր,-ասում է։-Նկարս ավարտելուց ուղիղ երեք օր անց պատերազմն ավարտվեց…
Պատերազմից հետո ամենամեծ նպատակս ցուցահանդես կազմակերպելն էր, պատմել մարդկանց Տելգամիդայի մասին, հնարավորություն տալ նրանց մի քանի վայրկյանով հայտնվել իմ գլխում: Սկսել էի կարևորել ամեն ակնթարթը, հասկացել, որ կյանքում տրված ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել, չվախենալ, ռիսկի դիմել»,-նշում է Տիգրան Հարությունյանը։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930