Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Պատարագի ընթացքում հանուն Հայ Եկեղեցու հոգևորականաց ու աշխարհականաց դասի, շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի առիթով, Մուշեղ Սրբազանը նշեց․«Եվ ահա, տարիներ առաջ Աստված և մեր ազգը ընտրեց նրան, ով հզոր հայրենիքի, հզոր եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի բարօրության մեծ երազն ու տեսիլքը և այն իրագործելու Տերունավանդ շնորհն ունի: Ով լսեց «Մի՛ երկնչիր, միայն հավատա՛, և նա կապրի» պատգամը և կյանքով վկայեց, որ չի երկնչում, այլ հավատում է և իր հավատքի շնորհիվ ապրեցնում իր խնամքին հանձնված ածուին։
Երբ փորձում էի մտովի ամփոփել անցած քսաներկու տարիների սքանչելի ծրագրերը, ձեռքբերումներն ու իրագործումները, որոնք Հայոց Հայրապետի իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականացել են, մի պահ ընկրկեցի. անդրադարձա, որ դրանք էջեր ու էջեր են, որոնց արժանի գնահատականը պիտի տա անաչառ ժամանակը։
Կարդացեք նաև
Իսկ մենք, որ բարեբաստիկ առիթն ունենք նրա սաները, հոգեւոր զավակներն ու ժամանակակիցները լինելու, երախտագետ ոգով շնորհավորենք մեր սիրելի Հայրապետին գահակալության եւ օծման 22-րդ տարեդարձի առիթով:
Հրավիրում եմ ամենքիդ, սիրելի հավատացյալներ, որպեսզի հընթացս պատարագի մեր սրտագին աղոթքներն ուղղենք առ Աստված և մեր բարեմաղթանքները խառնենք հանուր հայության աղոթքներին՝ Հայրապետական մաղթանքով զորություն, զորակցություն և անսասանություն հայցելով Հայոց Հորը և նրա խնամքին հանձնված հայոց Հայրապետությանը:
Վեհափա՛ռ Տեր, բոլորիս աղոթքն է, որ Աստված լսի ամեն հայի սրտից բխած ձայնը եւ երկար կյանք ու երկար օրեր տա Հայոց Հորը։ Թող Ձեր առաքելությամբ Աստված շարունակի օրհնել ամենքիս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն»:
Սուրբ Պատարագի ավարտին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ