Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան․ «Գորիսից ուսուցիչն ամեն օր գնում է Որոտան՝ դասավանդելու՝ անցնելով ադրբեջանցիների կողքով»

Նոյեմբեր 07,2021 17:02

Սյունիքում սահմանամերձ դարձած բնակավայրերում երեխաները խնդիր ունեն ուղղակի կրթություն ստանալու, որովհետեւ եթե ադրբեջանցիները մինչեւ դեկտեմբերի 17-ը տասնյակ կիլոմետրեր հեռու էին գտնվում, ապա այսօր 100-200 մետր  հեռավորություն վրա կանգնած է ադրբեջանցի զինվորը։

Այս մասին այսօր «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի կազմակերպած «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝  այս մթնոլորտում խոսել այն մասին, թե  կրթական համակարգում ինչպիսի բարեփոխումներ պետք է անել,  այդքան էլ լուրջ չէ, որովհետեւ նախ եւ առաջ անվտանգային խնդիրներ են կանգնած կրթական համակարգի առջեւ։

«Ուսուցիչներ կան, որոնք գյուղերում դասավանդելու համար քաղաքից գնում են տարբեր  գյուղական բնակավայրեր, օրինակ՝ Գորիսից ուսուցիչը գնում է Որոտան բնակավայր՝ դասավանդելու, դուք պատկերացրեք այն իրավիճակը, որը ստիպված է ամեն օր ապրել ուսուցիչը՝ անցնելով ադրբեջանցիների կողքով։ Առավոտյան գնում է սպասում է, այդ ճանապարհով ժամը մեկ է հնարավոր անցնել, սպասում են նշված ժամին, մինչ ռուս սահմանապահը գա ուղեկցի։ Ուսուցիչն ամեն օր այդ ճանապարհն անցնում է ռուս սահմանապահի ուղեկցությամբ, ադրբեջանցիների մանրազնին հայացքի ներքո․ չեմ խոսում այն անշնորհքությունների եւ մյուս  խնդիրների մասին, որ ստեղծում են ադրբեջանցիները։ Այդպես հասնում են դասարան։ Ակնհայտ է, որ հոգեբանորեն  որոշակի ընկճվածություն են ունենում մինչեւ հասնում են դասարան։ Հետո նույն ճանապարհով վերադառնում են; Արդյո՞ք երկարաժամկետ կտրվածքով այս իրավիճակը լուրջ խնդիրներ չի՞ ստեղծելու, արդյոք բոլոր ուսուցիչներն են, որ շարունակելու են այդ աշխատանքը։ Այդ նույն ճանապարհը չունի այլընտրանք։ Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը․․․ Եթե այդ ճանապարհը մի օր  փակվի, ինչպես օգոստոսին  էր, ուղղակի այլընտրանք չունեն, փոքր, շատ վատ ճանապարհներ կան, որ ես ենթադրում եմ,  որ ուսուցիչները չուզենան այդ ճանապարհով գնալ, եթե հատկապես հաշվի առնենք, թե ինչպիսի ցածր աշխատավարձ են ստանում ուսուցիչները։ Առանձին գյուղական բնակավայրերում ուսուցիչները կարող է 30-40 հազար դրամ ստանան։ Դուք պատկերացրեք նման անվտանգային, հոգեբանական սպառնալիքների ներքո ուսուցիչը գնում դասավանդում է»,-ասաց Գրիգորյանը։։

Նա մեկ ճանապարհի մասին էլ խոսեց՝ Կապանից  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր տանող  ճանապարհը  մասամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո․ «Իսկ այս ճանապարհն ընդհանրապես այլընտրանքային ճանապարհ չունի, եթե այստեղ ճանապարհը փակվի, մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքը չի ապահովվելու։ Անվտանգային մթնոլորտը ստիպում է ենթադրել,  որ այդպիսի սպառնալիք կա, որ  սահմանամերձ  բնակավայրերը կմարդաթափվեն, եւ առհասարակ, դպրոցը կարող է եւ չլինի։ Դպրոցներ կան, որտեղ մինչեւ յոթ աշակերտ է սովորում, եւ անվտանգային սպառնալիքների ներքո երիտասարդ ընտանիքները մտածում են իրենց երեխաների ապագան ավելի անվտանգ միջավայրում ապահովեն, եւ կարող են լքել այդ գյուղերը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930