«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի՝ այսօր կազմակերպած «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց՝ այսօր մեր առջեւ բավականին բարդ խնդիրներ են դրված, մենք պետք է գնանք շատ դժվար լուծումների, դժվար բանակցությունների, որովհետեւ հնարավոր չէ չբանակցել երկրի համար կարեւորագույն հարցերի շուրջ։
Նրա ներկայացմամբ, սակայն, այդ բանակցությունները չպետք է լինեն մեր արժանապատվության հաշվին, չպետք է լինի ազգային արժանապատվության հաշվին․«Արժանապատվությունը շեշտում եմ, որովհետեւ այստեղ հավաքված երիտասարդ սերունդն է նաեւ, որ այդ արժանապատվության կրողն է, որովհետեւ բացի ազգային արժանապատվությունից գոյություն ունի նաեւ անհատական արժանապատվություն։ Երբեմն կարող ենք ցավով արձանագրել, որ մեր հասարակությունը կարող է հրճվել, ուրախանալ հայ մարզիկների հաղթանակով ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, բայց ցավով այդ նույն արժանապատվությունը չի արթնանում հենց հոկտեմբերի 19-ը բացահայտելու վերաբերյալ, որ մեր հասարակությունը չի պահանջում պատասխան տալ պատերազմի կորսված հնարավորությունների համար։ Այսօր մեր խնդիրն է առաջնորդվել բացառապես արժանապատվությամբ»։
Ըստ պատգամավորի, այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ ի վերջո պետք է գնանք ենթակառուցվածքների բացման ճանապարհով, խաղաղության օրակարգի ճանապարհով․«Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա հաշվի առնելով Արցախի շահը, Արցախի պետականության շահը, եւ Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիների շահը։ Չի կարող եւ չպետք է լինի որեւէ լուծում, որը կշրջանցի այդ կարեւոր շահերը»։
Վարդանյանի ներկայացմամբ՝ իրենց նպատակն ու խնդիրն է երիտասարդությանն ու հասարակության այն շերտերին, որոնք անտարբեր են քաղաքական գործընթացներ նկատմամբ, չեն մասնակցում հանրահավաքներին, չէին մասնակցել ընտրություններին, բացատրել Հայաստանի առջեւ կանգնած բոլոր խնդիրները, ե ապավինել, որ ոչ միայն երիտասարդները կհամախմբվեն, այլ հասարակությունը կհամախմբի՝ առաջին հերթին հեռացնելու իշխանություններին, որոնք Հայաստանը կանգնեցրել են այսպիսի խնդիրների առջեւ․«Եվ միասին կերտենք արժանապատիվ խաղաղություն, պարտությունը դատավճիռ չէ, մենք պետք է կարողանանք արժանապատվորեն հաղթահարել այս իրավիճակը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ