Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում առաջին դեղահաբը, որը հաստատվել է որպես Քովիդ 19-ի դեմ պայքարի միջոց

Նոյեմբեր 07,2021 23:00

Նոր հիվանդությունները, համավարակներն ու առողջությանը վնասող տարատեսակ գործոնները բոլոր ժամանակներում բժշկագիտական մտքի զարգացման խթան են հանդիսացել։

Նոր կորոնավիրուսային համավարակը բացառություն չէ․ այսօր աշխարհի առաջատար ընկերությունները ոչ միայն ուսումնասիրվում են վիրուսի, հիվանդության ծագումնաբանությունն ու ընթացքը և մշակում հիվանդության դեմ պայքարող պատվաստանյութեր, այլև կլինիկական փորձարկումների են ենթարկում մի շարք դեղամիջոցներ, որոնք ապագայում ավելի դյուրին կդարձնեն տվյալ հիվանդության դեմ պայքարը։

Ինչպես հայտնում է BBC լրատվական գործակալությունը, բառացիորեն մի քանի օր առաջ՝  նոյեմբերի 4-ին բրիտանական իշխանություններն  աշխարհում առաջինն էին, որ թույլատրեցին կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի համար նախատեսված դեղահաբի գործածությունը։ «Մոլնուպիրավիր»  (Molnupiravir) անունը կրող դեղամիջոցը կնշանակվի առավել խոցելի խմբում գտնվող պացիենտներին՝ օրական երկու անգամ ընդունելու համար։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը գրեթե կիսով չափ նվազեցնում է հոսպիտալացումն ու մահերը Քովիդ 19-ի դեպքում։

«Մոլնուպիրավիրն» ի սկզբանե մշակված է եղել որպես գրիպի դեմ պայքարող դեղամիջոց։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը համարում է, որ դեղամիջոցը կարող է նշանակալիորեն օգնել համավարակի դեմ պայքարում՝ մասնավորապես առավել օգտակար լինելով փխրուն առողջություն կամ իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց համար։

«Այսօր պատմական օր է մեր երկրի համար։ Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որը հաստատել է Քովիդ  19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցը, որը կարելի  է ընդունել տանը»,-ասել է նախարարը։

«Մոլնուպիրավիրը» ստեղծել է ամերիկյան Merck դեղագործական ընկերությունը՝ Ridgeback Biotherapeutics ընկերության հետ միասին։ Սա առաջին դեղահաբն է, որը մշակվել է Քովիդի հետևանքների դեմ պայքարելու համար։

Դատելով առկա տեղեկատվությունից՝ դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել հիվանդության վաղ փուլում։ Դեղահաբի խնդիրը կորոնավիրուսի գենետիկ կոդը խաթարելն ու այդպիսով մարդու օրգանիզմում վերջինիս տարածումը կանխելն է։ Այն ազդում է էնզիմներից (ֆերմենտ) մեկի դեմ, որը վիրուսն օգտագործում է վերարտադրվելու համար։

Merck ընկերությունը հավաստում է, որ դեղահաբը նույնքան արդյունավետ կարող է լինել Քովիդ-19-ի բոլոր ձևերի համար՝ ինչպես այժմ գոյություն ունեցող, այնպես է այն տարատեսակների, որոնք կարող են առաջանալ հետագայում։ Դեղամիջոցների  կարգավորման բրիտանական ընկերությունը(MHRA) խորհուրդ է տվել դեղամիջոցն այն պացիենտներին, որոնք թեթև և միջին ծանրության ախտանշաններ ունեն, ինչպես նաև ունեն նվազագույնը մեկ ուղեկցող ռիսկի գործոն, ինչպես օրինակ ծանր հիվանդություն, ավելորդ քաշ, դիաբետ, սրտի հիվանդություններ, տարիք և այլն։

MHRA-ի ղեկավար Ջուն Ռեյնը հայտարարել է, որ դեղահաբը «ևս մեկ թերապևտիկ միջոց է, որը լրացնում է Քովիդ-19-ի դեմ պայքարի մեր զինանոցը»։ «Սա աշխարհում առաջին հաստատված հակավիրուսային դեղամիջոցն է այդ հիվանդության դեմ, որը կարելի է ընդունել ոչ ներերակային եղանակով։ Դա կարևոր է, քանի որ այն կարելի է ընդունել հիվանդանոցից դուրս՝ ավելի վաղ, քան Քովիդ-19-ը կզարգանա մինչև ծանր աստիճանի»։

Կլինիկական հետազոտություններ

Դեղամիջոցի՝ ավելի վաղ իրականացված կլինիկական հետազոտություններին մասնակցել են 775 պացիենտ, որոնց մոտ վերջերս Քովիդ-19 է ախտորոշվել։ Հետազոտության արդյունքներն այսպիսին էին․

Հոսպիտալացվել է հետազոտության՝ դեղամիջոց ընդունած մասնակիցների 7,3%-ը։ Ընդ որում  պլացեբո ստացած պացիենտների 14,1 տոկոսն է հայտնվել հիվանդանոցում։

«Մոլնուպիրավիր» ընդունած պացիենտների խմբում ոչ մեկը չի մահացել, սակայն հետագայում Քովիդի հետևանքներից մահացել է 8 պացիենտ, որոնք պլացեբո («դատարկ» դեղահաբ) էին ստացել։ Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են մամուլի հաղորդագրությունների տեսքով, դրանք չեն մեկնաբանվել փորձագետների կողմից։

Հետազոտության արդյունքներից դատելով՝ «Մոլնուպիրավիրը» պետք է ընդունել ախտանշաններն ի հայտ գալուն պես։ Ավելի վաղ արտադրող ընկերությունը փորձել էր ևս մեկ հետազոտություն անցկացնել ծանր վիճակում գտնվող պացիենտների շրջանում, սակայն հետազոտությունը ստիպված են եղել դադարեցնել, քանի որ այն շոշափելի արդյունք չի ապահովել։

«Մոլնուպիրավիրն» առաջին դեղամիջոցն է, որն աշխարհի որևէ երկրի (Մեծ Բրիտանիա) կողմից հաստատվել է որպես Քովիդ-19-ի հետևանքների դեմ պայքարող դեղորայք, զուգահեռ մի քանի դեղամիջոցներ ևս ենթարկվում են կլինիկական հետազոտությունների։

Ինչպես հայտնում է DW լրատվական գործակալությունը, ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը նոյեմբերի 5-ին տվյալներ է ներկայացրել Քովիդ 19-ի դեմ իր նոր դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլից։ Ինչպես նշել են մշակողները, Paxlovid  անունը կրող պատիճով դեղորայքը 89 տոկոսով նվազեցնում է կորոնավիրուսով վարակված պացիենտի հոսպիտալացման ու մահվան վտանգը։

Հետազոտության՝ ախտանշաններն ի հայտ գալուց հետո երեք օրվա ընթացքում դեղամիջոցն ընդունող մասնակիցների միայն 0,8 տոկոսն է հայտնվել հիվանդանոցում։ Հետազոտության՝ պլացեբո ընդունող մասնակիցների շրջանում այդ ցուցանիշը հասել է 7 տոկոսի։ Դրանից բայցի Paxlovid ընդունող պացիենտներից ոչ մեկը չի մահացել, իսկ պլացեբո ընդունողների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,6 տոկոս։

Pfizer-ն ընդգծել է նոր դեղորայքի «զարմանալի արդյունավետությունը» Քովիդի բուժման համար։ Ընկերությունը մտադրված է անհապաղ տվյալներ ներկայացնել ԱՄՆ համապատասխան գերատեսչությանը (FDA)՝ դեղորայքի օգտագործման հաստատման թույլտվությունը ստանալու նպատակով։

Ուշադրություն․ այս հոդվածն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։ Ինչպես Քովիդ-19-ի, այնպես էլ ցանկացած այլ հիվանդության դեպքում ինքնաբուժումը կարող է չափազանց ծանր հետևանքներ առաջացնել կյանքի և առողջության համար։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930