«Հիմա Իրանը պատրաստ է ամեն ինչ անել՝ կառուցել ճանապարհ, որպեսզի այդ «միջանցքը» չգործի»,- «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն»-ի նորաստեղծ թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը. 3+3 vs 3+2 vs 5+3» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:
Նա նշեց՝ այս առումով մենք պետք է Իրանի հետ սերտորեն համագործակցենք ու հիմնավորեց. «Իրանի բոլոր վերլուծաբաններն՝ անկախ ընդդիմադիր են, թե՝ ոչ, կարծում են, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որպեսզի այդ միջանցք կոչեցյալը կյանքի չկոչվի»:
Խոսելով 3+3 ձևաչափի մասին՝ իրանագետն ասաց. «Այս միտքը պատերազմից անմիջապես հետո արծարծեց Իրանը, երբ Զարիֆը շրջանառեց այդ հինգ երկրները և Իրանը: Իրանը մահու չափ զայրացած էր այդ միջանցքի՝ օրակարգ բերելու հարցով: Նորից այս հարցը Մոսկվայում օրակարգ բերվեց՝ այս անգամ արդեն հենց Իրանի առաջարկած տարբերակով: Ձևաչափն է Թուրքիա, Ռուսաստան, Իրան և հարավկովկասյան երեք հանրապետություններ: Չնայած Իրանը միշտ այն տեսակետին է եղել, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանում՝ տարածաշրջանի գերտերությունների միջոցով: Հիմա նորից այդ հարցը դրվեց օրակարգ: Նրանք մտածում էին Աստանայի ձևաչափով քննարկել այս հարցը, բայց դա հնարավոր չէ, քանի որ հատկապես Վրաստանը դեմ է հանդես եկել»:
Էմմա Բեգիջանյանը հիշեցրեց՝ երբ կարդացել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հայտարարել է, որ իններորդ կետը ռումբ է, որի դեմ պետք է պայքարել առաջին օրվանից. «Այնտեղ ճանապարհի մասին է խոսքը, ոչ թե միջանցքի, բայց նշված է, որ այդ ճանապարհը հինգ տարով վերահսկելու են ռուսները: Նույնիսկ գրված չէ ռուս խաղաղապահները, այլ նշված է, որ ճանապարհը վերահսկելու են ռուսական զորքերը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ