Երևանի Արգիշտի 11/3 հասցեում՝ նախկին Երևանի բերդի տարածքում, նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ զինվորի փառքը հավերժացնող հուշաքար-խաչքարի բացման արարողություն: Այն կատարեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Ջաղինյանն ու Ռուբեն Աթաբեկյանը՝ հուշաքար-խաչքարի հեղինակ-քանդակագործ Մուրադ Սարգսյանի հետ միասին:
Նախաձեռնությունը թաղամասի բնակիչներինն է: Կազմակերպիչներից Ռաֆայել Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հուշաքար-խաչքարն ի հիշատակ բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար ընկած քաջորդիների է»:
Խոսելով հուշարձանի խորհրդի և դրա դաստիարակչական նշանակության մասին՝ Ռաֆայել Խաչատրյանը նշեց. «Հուշաքարի ստորին հատվածն այսպես ասած կտրած ծառ է՝ կոճղ, որը հայկյան արմատն է, որից վեր է հառնում խաչը: Նաև զինվորի պաշտպանիչ սաղավարտն ու զենքն է՝ ավտոմատը, որից ջուր է հոսում որպես կյանքի խորհուրդ: Գլխատող կեռ թուրը խաչով կիսված է մեջտեղից: Դա էլ նրա խորհուրդն է, որ ամեն դեպքում հայկական խաչը սրով կիսում է գլխատող թրին, որ Հայաստանն՝ առհասարակ հայ ժողովուրդն անկոտրում է և վեր է հառնելու ցանկացած դժբախտությունից, ողբերգությունից ու պատերազմներից»:
Ռաֆայել Խաչատրյանը փաստեց՝ հուշաքար-խաչքարը դաստիարակչական նշանակություն ունի մատաղ սերնդի համար ու նշեց՝ երեխաները դաստիրակվում են նաև նմանատիպ հուշարձան-խաչքարերով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ