Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լաչինը սակարկելի լինել չի կարող». Սոսի Թաթիկյան

Նոյեմբեր 06,2021 17:30

«Հանրային համերաշխությունը խիստ անհրաժեշտ է, երբ քաղաքական պայքարի նպատակով ներքաղաքական պայքարի շրջանակներում իշխանություններին ուղղված որոշակի ոչ կոռեկտ արտահայտությունները խանգարում են մեր արտաքին քաղաքական օրակարգին»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն»-ի նորաստեղծ թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը. 3+3 vs 3+2 vs 5+3» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը:

Նա նշեց, որ փորձում են խորհրդատվություն տրամադրել իշխանություններին՝ լինելով պետականամետ և դա դիտելով պետական շահի տեսանկյունից. «Մենք իշխանություն չենք, քաղաքացիական հասարակություն ենք, մենք ավելի քիչ կաշկանդումներ ունենք և կարող ենք ավելի բաց խոսել որոշ հարցերի մասին, որը կարող է իշխանության կողմից հաշվի առնվել ոչ միայն ներքին քաղաքական օրակարգի համար, այլև ցույց տալու արտաքին ուժերին, որ ունենք այսպիսի ձայն»:

Սոսի Թաթիկյանն անկեղծորեն նշեց՝ զգում են իշխանության հետ ավելի սերտ խորհրդակցության կարիք: Ըստ նրա՝ Քովիդ-19-ից և պատերազմից հետո այդ կապը բավականին խարխլվել է. փորձագետների և քաղհասարակության համար այդքան հեշտ չէ իշխանություններին առաջարկել իրենց խորհրդատվությունը:

Խոսելով Լաչինի և Բերձորի ու Մեղրիի միջև զուգահեռների մասին՝ նա ասաց. «Լաչինի հետ կապված անգամ չեմ ուզում շրջանառության մեջ այդ զուգահեռը մտնի, որ մեր որոշ փորձագետներ սկսեցին քննարկել: Դա այնքան անընդունելի ու ոչ սակարկելի է: Զուգահեռ ընդհանրապես չի կարող լինել: Լաչինն անկլավ է, Նախիջևանն էկսկլավ: Նախիջևանն ունի առևտրային հարաբերություններ ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, այլև Իրանի հետ: Կա միջազգային օդանավակայան, այն միանշանակ շրջափակված չէ: Իսկ Լաչինը սակարկելի լինել չի կարող, քանի որ դա միջազգային հանրության առաջ պարզ կդարձնի Ադրբեջանի մտայնությունը, որ պարզապես ուզում է շրջափակման ենթարկել արցախահայությանը և ճանապարհներ բացել հնարավոր էթնիկ բնաջնջման համար: Եթե նման բան թույլատրվի, դրա պատասխանը կկրի ամբողջ միջազգային հանրությունը»:

Սոսի Թաթիկյանն առաջարկեց նոյեմբերի և հունվարի փաստաթղթերի դեպքում խուսափել պայմանագիր ու համաձայնագիր բառերն օգտագործելուց ու պարզաբանեց. «Դրանք չեն վավերացվել խորհրդարանի կողմից, և մեր Սահմանադրության ու օրենսդրության համաձայն՝ դրանք միջազգային պայմանագրեր կամ համաձայնագրեր չեն: Դրանք Վիեննայի կոնվենցիայի համաձայն չեն համապատասխանում միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի չափանիշներին, հետևաբար դա «վերդիկտ» չի կարող լինել: Եվ հունվարի հայտարարությունում նոյեմբերի հայտարարության որոշ մասեր ենթարկվեցին ուղղման: Մենք պիտի դրանից օգտվենք»:

Խոսելով երկաթգծի և այսպես կոչված ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Սոսի Թաթիկյանն ասաց. «Ես ինքս երկու ամիս առաջ տեսա այդ երկաթգիծը: Ցավալի է, որ այդ երկաթգիծն ավերվել է: Միջազգային հանրությունը պիտի օգնի Հայաստանին երկաթգծի վերականգնման հարցում: Պիտի այդ խնդրանքը ներկայացնենք: Եթե նրանք խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա երկաթգիծ պիտի կառուցվի, և դրանից պիտի օգտվի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը: Ապաշրջափակում պիտի լինի ոչ միայն Ադրբեջանից դեպի Նախիջևան, այլև մեր ճանապարհը նույն Նախիջևանի վրայով՝ Կարսի ճանապարհը: Պիտի սկսենք աստիճանաբար այդ հարցերը բարձրացնել»:

Ըստ Սոսի Թաթիկյանի՝ մենք ունենք ռազմավարություն մշակելու կարիք: Ըստ նրա՝ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ մենք որոշակիորեն ունենք ռազմավարական ծրագրավորման և ունակությունների հսկայական պակաս: Եվ մենք պիտի կարողանանք վերջապես ազգային անվտանգության և այլ իրատեսական ռազմավարություն մշակել ու կարողանանք այն իրագործել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930