Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի՝ ռուսների վերահսկողությամբ ճանապարհը կամ երկաթգծի ապաշրջափակումը մեզ ավելի թույլ դիրքերում է դնելու». Էմիլ Օրդուխանյան

Նոյեմբեր 06,2021 16:42

«Մեղրիի՝ որպես ՀՀ սուվերեն տարածքով օրինակ ռուսների վերահսկողությամբ ճանապարհը կամ երկաթգծի ապաշրջափակումը մեզ ավելի թույլ դիրքերում է դնելու, որովհետև եթե մենք վերահսկողությունը զիջենք երրորդ սուբյեկտի, դաշնակցի, ապա այս դեպքում Ադրբեջանը մեզ հետ չի երկխոսելու, այլ նրա հետ, որը վերահսկում է այդ միջանցքը»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն»-ի նորաստեղծ թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը. 3+3 vs 3+2 vs 5+3» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

Ըստ նրա՝ մեր կարևորությունը վտանգվում է նաև Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Այդ պետությունները նախընտրելու են խոսել այն սուբյեկտի հետ, որը կվերահսկի: Այս պայմաններում մենք գործոնից կվերածվենք գործիքի:

Քաղաքագետը փաստեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է ստանալ այն ձևաչափը՝ միջանցքը, որը հնարավորություն կտա կյանքի կոչել իրենց նպատակները: Իսկ թե ինչու պետք է ՀՀ-ն թույլ չտա, որ այդ ձևաչափն իրականություն դառնա, քաղաքագետը պարզաբանեց. «Նախ տարբեր մակարդակներով հայտարարվել է, որ միջանցք չի լինելու, բայց այդ եզրույթի բովանդակությունը, թե ինչ ենք հասկանում, դեռ հստակորեն չի բացատրվել: Միանշանակ է այն, որ միջանցքը ենթադրում է ՀՀ ազդեցությունից  դուրս և այլ սուբյեկտների վերահսկողության տակ գտնվող տարածք: Հետևաբար միջանցքը և ճանապարհը  փոխլրացնող տարբերակներ չեն, այլ տարբերվող: Եթե կա միջանցք, դա ենթադրում է ճանապարհ: Պետք է կարևորենք այդ հաղորդուղու կարգավիճակի հարցը»:

Անդրադառնալով այն մոտեցումներին, երբ զուգահեռներ են անցկացվում Բերձորի կամ Լաչինի միջանցքի և Մեղրիի միջև, քաղաքագետն ասաց. «Քաղաքագիտորեն ճիշտ չէ համեմատականներ անցկացնել, քանի որ Լաչինի պարագայում մենք գործ չունենք միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի տարածքի հետ, ի տարբերություն Մեղրիի, որը ՀՀ սուվերեն տարածքն է: Ուստի այն մոտեցումը, թե Լաչինում ռուսներն են տեղակայված,  Մեղրիում էլ կարող են, ճշմարիտ մոտեցում չէ: Հենց այստեղ է ՀՀ-ի կշիռը: Եթե մենք այդ վերահսկողությունը զիջելու ենք այլ սուբյեկտների,  մենք կորցնելու ենք մեր կշիռը, և մեր աշխարհագրությունը մեր դեմ է աշխատելու»:

Էմիլ Օրդուխանյանը դեմ է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրականացվեն ՌԴ միջնորդությամբ: Նա որպես հավաստում նշեց այն, որ դեռ Ռուսաստանը հայ ռազմագերիների հարցով չի իրականացրել իր առաքելությունը, ինչպես նաև լիովին չի կատարում իր խաղաղարար առաքելությունը, քանի որ միջադեպերը չեն դադարում. «Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատում  իրականացնելը մեզ որևէ երաշխիք չի տալիս, որ այդ ամենը լինելու է նույն տրամաբանությամբ, ինչ տեղի է ունենում գերիների վերադարձի և խաղաղարար առաքելությունների շրջանակներում»:

Նա նաև սխալ է համարում այն մոտեցումը, երբ ապաշրջափակում ասելով կենտրոնանում են միայն միջանցքի վրա: Նա մանրամասնեց.  «Ապաշրջափակումը ենթադրում է նաև այլ ուղիների բացում: Միայն միջանցքի վրա կենտրոնացումը չէ: Եթե ճանապարհների ապաշրջափակում է լինում, ապա Ադրբեջանով անցնող ճանապարհները լինելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ով անցնող ճանապարհները պետք է ռուսները վերահսկեն: Այստեղ արդեն անհավասար դիրքերում ենք լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930