Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին նախագահի և քարտուղարի ընտրությունից զատ որոշվել է ռեկտորի ընտրության օրը

Նոյեմբեր 06,2021 16:16

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:

 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ ՀԽ նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.8 կետի՝ նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, իսկ քարտուղարի պարտականություններն իրականացրեց ամենաերիտասարդ անդամը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյանը:

Նախքան նիստի ներկայացված օրակարգի հաստատումը հնչեցին նոր հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներ, որոնք քննարկման արդյունքում չընդունվեցին: Նախապես ներկայացված օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը:

Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Նա իր ելույթում նշեց, որ կարող է և պատրաստ է իր ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ իր համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Պատասխանելով ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց քարտուղարի ընտրության հարցը: Առաջադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը:

Եղիշե Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, սովորել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարանում, միջազգային իրավունքի դասընթացներ անցել Մեդֆորդում և Մասաչուսեթսում, ստացել մագիստրոսի կոչումներ Ջորջթաունի, Սթենֆորդի համալսարաններում:

Իր ելույթի ընթացքում Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ուրախությամբ պատրաստ է ստանձնել այս պաշտոնը և հույս հայտնեց, որ իր կրթությամբ և փորձառությամբ կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը և միջազգային ճանաչելիությանը, քանի որ ԵՊՀ-ն ունի այդ ներուժը: Պատասխանելով հարցերին՝ Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց ՀԽ քարտուղար:

Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:

ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930