Լոռու մարզում COVID 19-ով վարակված անձանց թիվն ավելացել է: Թեեւ Վանաձորում գործող շարժական կայանների ու պոլիկլինիկաների մոտ կարելի է տեսնել պատվաստվող քաղաքացիների մեծ հերթեր, սակայն մինչ օրս մարզում պատվաստվել է մոտ 58. 000 բնակիչ, որը կազմում է բնակչության մոտ 25 տոկոսը. «25 տոկոսն առաջին դեղաչափ ստացած թիվն է, իսկ երրորդ դեղաչափը ստացած անձանց թիվն ավելի ցածր է՝ 12 տոկոս: Ես սա համարում եմ բավականին ցածր ցուցանիշ, որովհետեւ մենք պետք է մինչեւ տարվա վերջ գոնե 50 տոկոսով ապահովեինք մարզի պատվաստված բնակչության թիվը: Պատվաստվելը բավականին անվտանգ է, քանի որ միակ միջոցն է պայքարելու այս համավարակի դեմ»,- ասաց Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Մարզում Covid կենտրոններ են գործում Վանաձորի ԲԿ-ում, որն իր մեջ ընդգրկում է նաեւ Ինֆեկցիոն հիվանդանոցը, Սպիտակի ԲԿ-ում, շուտով մինչեւ 40 մահճակալ հզորությամբ Covid կենտրոն կբացվի նաեւ Ստեփանավանի ԲԿ-ում. «Հիվանդների թիվը բավականին ավելացել է: Այս Դելտա շտամի հետ կապված մեծ բարդություններ են առաջանում: Ինչպես նաեւ հիվանդություններ են առաջանում մանկական հասակում, որը մինչ այդ չէր գրանցվում: Ծանրության աստիճանը շատ չի, բայց դեպքեր գրանցվում են արդեն»,- ասաց Ռուզաննա Պողոսյանը:
Վարչության պետը նշեց նաեւ, որ մարզպետարանի թեժ գիծը ստանում է նաեւ դժգոհություններ կապված պոլիկլինիկաների հերթերի, սպասարկման որակի եւ այլ հարցերի շուրջ. «Հավատացեք, որ լինում են նման դժգոհություններ, շատ արագ կանոնակարգվում է եւ բնակիչները ստանում են իրենց սպասարկումը պատշաճ մակարդակով»:
Կարդացեք նաև
Այս պահին մարզում ունենք կորոնավիրուսով 1813 հիվանդ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ