«ՌԴ-ի դիրքորոշումն ասիմետրիկ է: Ես չեմ հավատում իրենց՝ սահմանազատման և սահմանագծման միջնորդությանը»,- Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն-ի նորաստեղծ թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը. 3+3 vs 3+2 vs 5+3» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ պետք է այս հարցը տեղափոխել ԵԱՀԿ, որի անդամ ենք: Այս առիթով նա հիշեցրեց, թե ինչպես էր ՌԴ-ն դեմ Հաագայի դատարան դիմելուն, սակայն երբ դիմեցինք, տեսանք՝ արդյունքը: Նա մանրամասնեց. «Ավելին, ՌԴ-ն մեզ ավելի կհարգի, եթե դիմենք ԵԱՀԿ: Ուղղակիորեն պիտի դիմենք ԵԱՀԿ: Տեսանք, թե Հաագայի դատարան դիմելուց հետո ինչ եղավ. ԱՄՆ-ն եկավ տարածաշրջան: Հաճախ դա շատ պարզունակ է ընդունվում, թե ո՞ւր են ԱՄՆ զորքերը: Մեզ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի ոչ էլ այլ զորքեր պետք չեն, բայց իրենց՝ քաղաքական ու դիվանագիտական լինելը կարևոր է: Տեսանք՝ պատվիրակություններ են գալիս, բանաձևեր ընդունում»:
Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց ՌԴ-ի վարքագիծը Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցերում. «2008-ին ՌԴ-ն պատերազմի մեջ էր Վրաստանի հետ: Պատերազմից հետո ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և բերեց պատճառաբանություն, որ մարդկանց կյանքն ապահովված չէ: Նայեք ղարաբաղյան պատերազմին: ԼՂ-ի կեսը ոչնչացրել են, մարդկանց սպանել, ՌԴ-ն զորքեր մտցրեց, բայց ՌԴ-ն չճանաչեն ԼՂ-ի անկախությունը: Ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը կվկայի, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ինքնորոշման ճանաչումն ավելի հիմնավոր էր, քան Հարավային Օսիայինը. էլ պետական ինստիտուտները, որ գործում են ԼՂ-ում, էլ ժողովրդավարությունը: Մինչդեռ ՌԴ-ն չճանաչեց ԼՂ անկախությունը: Դա նշանակում է, որ ես չեմ կարող հալած յուղի տեղ ընդունել Ռուսաստանի ասածները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ