Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարի եւս չէր ժամանել ԱԺ՝ ներկայացնելու քաղաքապետարանի բյուջեն։ Նրա տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց՝ քաղաքապետի ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակված են, այսինքն՝ Մարությանը կոնտակտավոր անձ է համարվում, ուստի չի եկել ԱԺ, որ ռիսկի տակ չդնի մյուսներին։ ՔՊ-ականները Մարությանի չգալն այս անգամ հարգելի համարեցին՝ շեշտելով, որ մյուս անգամ չկրկնվի։
Փոխարենը ԱԺ էր եկել եւ փոխքաղաքապետին հարցեր էր ուղղում նախկին քաղաքապետ, այժմ՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը։ Նա էլ իր քաղաքապետության օրոք չէր գալիս ԱԺ, փոխքաղաքապետին էր ուղարկում իր փոխարեն, եւ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, թե որն է քաղաքապետի բանուգործը, որ չի գալիս ԱԺ՝ հաշվետու լինելու խորհրդարանին։ Քննարկումից հետո այս թեմայով Տարոն Մարգարյանին մի քանի հարց ուղղեցինք։
– Տեսեք, մի կողմից շատերն ասում են՝ Ձեր քաղաքապետության օրոք Երեւանը բավականին զարգացել էր, բարեկարգվել էր, մյուս կողմից՝ այս իշխանությունները մեղադրում են, որ Ձեր օրոք բազմաթիվ ապօրինի շինարարություններ են եղել, կոռուպցիա է եղել, որոնց դեմ այսօր որոշել են պայքարել։
– Մենք նկատում ենք, որ, այո՝ ապօրինի շինարարության դեմ պայքար է գնում քաղաքային իշխանությունների կողմից։ Դուք վստահ եղեք՝ մեր ժամանակաշրջանում էլ է այդ պայքարը եղել, եւ հիմա դա շարունակվում է։ Դա քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքն է եւ աշխատակազմի համապատասխան պատասխանատուների ամենօրյա աշխատանքն է։
Կարդացեք նաև
– Իսկ արդյունավե՞տ եք գնահատում նրանց աշխատանքը։
– Գնահատման հետ կապված՝ կխնդրեմ երեւանցիներին հարցնեք։
– Ձեզ որպես երեւանցի ու որպես նախկին քաղաքապետ եմ հարցնում։
– Գիտե՞ք, հարիր չէ, որ իմ գործընկերոջ աշխատանքի գնահատականը ես տամ։
– Դուք չեք ուզում գնահատականներ տալ, բայց Ձեր այդ գործընկերները նման բարոյական սահմանափակումներ չունեն, ճիշտ հակառակը` պարբերաբար փնովում են Ձեզ, ձեր իշխանությունների աշխատանքը։ Ինչո՞ւ չեք ուզում Դուք էլ իրենց քննադատել։
– Ոչինչ, կյանք է, դրա համար մենք երեւանցի ենք։
– Իրենք երեւանցի չե՞ն կամ ճի՞շտ երեւանցի չեն։
– Երեւանցի են։
– Պարոն Մարգարյան, տրանսպորտի խնդիրը Ձեր օրոք շատ քննարկվեց, Դուք միասնական տրանսպորտային ցանցի պլան էիք ներկայացրել, որն այդպես էլ Ձեր օրոք կյանքի չկոչվեց։ Գուցե ժամանակը չհերիքեց, կամ չկարողացաք։ Հիմա Հայկ Մարությանն ինչ-որ կերպ փորձում է լուծել այդ խնդիրը՝ նոր ավտոբուսներ ներգրավելով։ Դուք դա ինչպե՞ս եք գնահատում։
– Ամեն դեպքում, նոր ավտոբուսների ձեռքբերումը նորմալ է, եւ պետք է սկսվեր այդ պրոցեսը, բայց մենք ընդհանուր տրանսպորտի հետ կապված՝ ավելի մեծ ծրագիր էինք իրականացնում եւ հիմնական խնդիրն էինք փորձելու լուծել թե՛ միասնական տոմսի եւ թե՛ ընդհանուր քաղաքի տրանսպորտի ցանցի հետ կապված։
– Իսկ ինչո՞ւ չհաջողվեց լուծել։
– Ժամանակը չհերիքեց։
– Իշխանափոխությո՞ւնը խանգարեց։
– Այո։
– Իսկ այն, ինչ իրենք անում են՝ աղբահանության, քաղաքի բարեկարգման հարցերը, մյուս ծրագրերի իրականացումը, ինչպե՞ս եք գնահատում։
– Ես էլի խնդրում եմ, որ էդ հարցը չտաք՝ գնահատման հետ կապված, երեւանցիները պետք է գնահատեն քաղաքապետի եւ քաղաքային իշխանության աշխատանքը։ Իսկ ինչ մնում է ծրագրերին, որոշակի ծրագրեր, այո, իրականացնում են, իրենք իրենց մոտեցումներն ունեն ու իրենք տեսնում են այդ խնդիրները լուծելն այդ ուղղությամբ, մենք տեսնում էինք այլ ուղղությամբ։
– Տարօրինակ է, որ Դուք ո՛չ ուզում եք քննադատել, ո՛չ խնդիրները բարձրաձայնել, թեկուզ օգնել քաղաքային իշխանություններին Ձեր բարձրաձայնած խնդիրներով։ Տպավորություն է, թե հիմա ամեն ինչ հրաշալի է, իսկ նախկինում ամեն ինչ վատ էր։
– Երեւի մեր կարիքը չունեն, մեր խորհուրդների կարիքը չունեն, մեր անցած ճանապարհի, մեր փորձի կարիքը չունեն։
– Իսկ իրենք Ձեզ երբեւէ դիմե՞լ են, կամ Դուք առաջարկե՞լ եք Ձեր օգնությունը։
– Չեն դիմել։ Ինձ թվում է՝ գործող իշխանություններն իրենք պետք է դիմեն եւ տեսնեն՝ մենք ոնց էինք մտածում այդ ծրագրերի մասին եւ ոնց էինք տեսնում դրանց լուծումները։ Մենք միշտ էլ պատրաստ էինք Երեւան քաղաքի, մեր երեւանցիների համար ամեն ինչ անել, օգնել, ինչո՞ւ չէ՝ նաեւ մեր խորհուրդներով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում