Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունները Հայաստանում դեռ չեն «քաղաքականացվում», և առաջնային է մնում անհատի գործոնը. «Փաստ»

Նոյեմբեր 06,2021 10:54

ՀՀ իշխանությունները ՏԻՄ համակարգի վերջին փոփոխություններն իրականացրեցին մի նպատակով, որպեսզի կոնկրետ անհատի ընտրելու փոխարեն հանրությունն ընտրի քաղաքական կուսակցության։

Այս փոփոխության հիմնական նպատակը ՏԻՄ ընտրությունների քաղաքականացումն էր, որպեսզի կուսակցությունները ներգրավվեն ընտրություններին հստակ թիմով, այլ ոչ թե մեկ անհատի դեմքով։ Առաջին հայացքից այս քայլը բավականին տրամաբանական է թվում, քանի որ եթե որևէ անձ հայտ է ներկայացնում ընտրական գործընթացի, նա պետք է որոշակի քաղաքական ընտանիքում ներգրավվածություն ունենա։

Սակայն, ներկայումս նայելով հոկտեմբերի 17-ին կայացած և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկը, տեսնում ենք, որ ընտրությունների թրենդը ցուցակի առաջին համարի անունով դաշինքներն են՝ «Առուշ Առուշանյան», «Դավիթ Համբարձումյան», «Մամիկոն Ասլանյան» «Գուրգեն Մարտիրոսյան», «Դավիթ Մինասյան», «Սարգիս Մուրադյան» և այլն։ Սա խոսում է այն մասին, որ չնայած իշխանությունները փորձում են ՏԻՄ-երը ամբողջովին քաղաքականացնել, միևնույն է, մարզերում առաջնային պլան են գալիս անհատները, թե կոնկրետ որ համայնքում ով է ավագանու ցուցակի առաջին համարը։

Մյուս կողմից՝ այս ընտրություններն առանձնանում են նաև նրանով, որ սա յուրատեսակ հնարավորություն է քաղաքականապես պասիվ, ինչ-որ տեղ նաև հանրությանն անհայտ կուսակցություններին՝ գալ առաջին պլան և ներկայանալ հանրության դատին։ Ճիշտ է՝ նրանց մեծ մասի հնարավորությունները շատ փոքր են, առավել ևս վերոնշյալ անձ-դաշինքների համեմատ, սակայն հոկտեմբերի 17-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ նորաստեղծ, դեռ կազմավորման ճանապարհին գտնվող կուսակցությունները կարող են լուրջ արդյունքներ արձանագրել: Օրինակ՝ «Զարթոնք», «Ապրելու երկիր», «Շանթ դաշինք» կուսակցությունները:

Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները մարզերում բավական թույլ են և չունեն բավարար ներգրավվածություն. իրականում սա բացարձակ ճշմարտություն է, և հենց այս ամենը հաշվի առնելով՝ նրանք որոշակի «ռասկլադ» են մշակել։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հասկանալով, որ միայնակ հնարավոր չէ հաղթել համայնքներում, նրանք ընտրել են, այսպես կոչված, «ցանցային տարբերակ»։ Իշխանություններն իրենց համար քաղաքականապես կարևորություն ունեցող համայնքներում ներկայացնում են մի քանի թեկնածուներ, որոնք ներկայացված են տարբեր կուսակցությունների ցուցակներում։

Սա արվում է ընտրություններից հետո միավորվելու և, որպես կոալիցիոն ձևավորված մարմին, համայնքի ղեկավարությունը ստանձնելու նպատակով։ Մասնավորաբար, Գյումրիում և Մեղրիում մենք ականատես եղանք հենց նման պատկերի։ Թե որքանով դա կհաջողվի դեկտեմբերին, ժամանակը ցույց կտա: Բայց որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում դեռ չեն «քաղաքականացվում», և առաջնային է մնում անհատի գործոնը, ակնհայտ է…

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930