Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում եւ Արցախում պետք է հզորացնել, արդիականացնել եւ գործնական կիրառման հենքի վրա դնել մշակութային ժառանգության շարժական պաշտպանության հարցը. «Ազգ»

Նոյեմբեր 06,2021 10:22

Ճարտարապետ Սամվել Այվազյանն «Ազգ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու վանական համալիրները, որ կառուցվել են տարբեր դարերում, հոգեւոր, գործառութային, ճարտարապետական, շինարարական տեխնիկայի, ստեղծագործական առումներով նման են ամբողջ Մեծ Հայքի հուշարձաններին: Ճարտարապետական ամեն մի հորինվածք ու դետալ բնորոշ է միմիայն հայկականին, օրինակ այն, որ համալիրներն իրենց մեջ տարբեր գործառույթների համար նախատեսված առանձին շինություններ են միավորում՝ տնտեսական, աշխարհիկ ու հոգեւոր բնույթի, եւ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ հայկական շեշտադրումն ունի:

Այվազյանը, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետն է, վանական համալրի խիստ հայկական պատկանելիությունը Դադիվանքի օրինակով է բացատրում: Նախ պատմիչների փաստարկներն է վկայակոչում, ապա կառույցների շեշտակի հայկական հորինվածքներն ու կառուցողներին: Կաթողիկե եկեղեցին, օրինակ, կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214-ին: «Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձեւ, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ շենք է: Հարավային եւ արեւելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ: Արեւմուտքից երկհարկանի զանգակատունն է ու սյունասրահը: Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը»,- ներկայացնում է մեր զրուցակիցըՙ ընդգծելով եկեղեցու տիպիկ հայկական լինելու հանգամանքը:

Կաթողիկե եկեղեցին առանձնանում է նաեւ իր բարձրարժեք որմնանկարներով` Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի պատկերներով: Վանքի նախկին հոգեւորական Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանքի այցելուներին մշտապես պատմում էր, թե ինչպես 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Դադիվանքի տարածքում ազգությամբ քուրդ ընտանիք է բնակեցվել:

Բազմանդամ ընտանիքը բնակվել է հենց եկեղեցու ներսում: Նրանք իրենց անասուններին վանքի տարբեր կառույցներում են տեղավորել, ու ամեն օր եկեղեցու ներսում կրակ վառել, որ տաքանան, կերակուր պատրաստեն, ինչի հետեւանքով էլ ծխից եկեղեցու պատերը սեւացել ու մրոտվել էին:

Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ազատագրվում է Քարվաճառի շրջանն ու եկեղեցին հայկական վերսհսկողության տակ անցնում, պարզվում էՙ մուրը, ինչ որ առումով, փրկել է որմնանկարները: Եթե ադրբեջանցիները իմանային, որ ծխի ներքո դարերից եկող որմնանկարներ են պահպանվում, ասում էր Տեր Հովհաննեսը , հաստատ ամբողջ վանքը կավերեին:

Ճարտարապետ Այվազյանն ասում է, որ Դադիվանքի հայկականության մասին են վկայում որմանկարների ոչ միայն թեմատիկան եւ զուտ հայ որմնանկարչությանը բնորոշ ստեղծագործական ու գունային լուծումները, այլեւ հայատառ արձանագրությունները: «Այսինքնՙ որմնանկարներն էլ են հուշում, որ այդտեղ արպել ու արարել են հայերը, այլապես ինչո՞ւ պետք է հայատառ արձանագրություններ լինեին»,- շեշտում է նա:

Դադիվանքի տարածքում պահպանված եւ շինությունների վրա տեղադրված, միջնադարից սկսած մինչեւ 19-րդ դար, մի քանի տասնյակ խաչքարերը, որոնք մեծ մասամբ հայատառ պատմական եւ այլ վավերագրական արձանագրություններ ունեն, ինչպես նաեւ կառույցների վրայի նույնպես հայատառ արձանագրությունները, ինքնին վկայում են տվյալ տարածաշրջանում հայ էթնոսի առկայության փաստը:

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը շեշտում է, որ յուրաքանչյուր պետության եւ հասարակության կենսագործունեության ու զարգացման հեռանկարների հիմքում առանցքային են մշակույթն ու արվեստը:

Դիտարկմանը՝ ի՞նչ քայլեր պետք է անել հակառակորդի լոբբինգը կանգնեցնելու ու միջազգային հարթակներում դրանք մեզանից պոկելու քայլերը կանխելու համար, քահանան այսպես է արձագանքում. «Նախ միջազգային մակարդակով պետք է իրավական քայլեր նախաձեռնել, ապա մշակութային կոթողների պահպանության համար հատուկ միջազգային կառույցներ ստեղծել, որոնք օժտված կլինեն նույն իրավասություններով, ինչ, օրինակ, խաղաղապահ զորքերը: Հայաստանը կարող է եւ, իմ կարծիքով, պետք է սրա նախաձեռնողն ու առաջատարը լինի միջազգային ասպարեզում: Մշակութային յուրաքանչյուր կոթող նույնքան ունիկալ է եւ եզակի, որքան մարդկային կյանք, այն վերարտադրելի չէ, եւ նրա պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի: Այն պետք է պաշտպանել ոչ թե կոչերով ու թղթի մակարդակում, այլ զենքով: Այլ ելք պարզապես չեմ տեսնում: Հայաստանում եւ Արցախում պետք է հզորացնել, արդիականացնել եւ գործնական կիրառման հենքի վրա դնել թանգարանների, այսինքն՝ մշակութային ժառանգության շարժական պաշտպանության հարցը: Դրան վերաբերվող միջազգային կոնվենցիաներ կան, որոնց սակայն թանգարանի շարքային աշխատողները չեն տիրապետում: Բացի այդ՝ արվեստի գործերի տարհանման համար համապատասխան միջոցներ չկան: 44-օրյա պատերազմը վերջապես դաս պետք է լինի լիազոր մարմնի համար, որ զբաղվի վերոնշյալ բոլոր հարցերով»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930