Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթական հարցազրույցներից մեկում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին և նշել.
«Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել»:
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն սկսել է ձևավորվել 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրով, Հայաստանը, Ադրբեջանը և նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններ միացել են համաձայնագրին 91 թվականի դեկտեմբերի 21-ին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Հայաստանի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյայի այս ձևակերպման մասին, ընդգծեց՝ սա ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
«Ու այսպես խոսում է մի մարդ, որը ծնվել է Արցախում. ծնունդով արցախցի է… Երբ ՀՀ իշխանություններին կոչ էինք անում ճանաչել Արցախի անկախությունը պատերազմի օրերին, ու իրենք լուռ էին մնում, մեզ համար հենց այդ ժամանակ բացահայտվեց, որ այս իշխանության մոտ Արցախի հարցում ամեն ինչ ավարտված է։ Դա մեզ համար պարզ էր դեռ հոկտեմբերի 1-2-ին։ Հիմա այս մարդիկ, ինչպես Ադրբեջանն է ասում՝ արցախցինե՛ր, ձեզ թույլ ենք տալիս մեր տարածքում ապրեք, այդպես էլ իրենք են նույնն ասում։ Ստացվում է՝ ըստ նրանց, մենք երբեք չենք ունեցել Արցախ, ընդամենն ապրել ենք Արցախում։ Այս մարդիկ մեզ ուզում են ասել, որ մենք 30 տարի սխալ ենք ապրել, նրանք Արցախը մեզանից խլել են, խլել են մեր 30 տարվա կյանքը, հիմա խլում են արդեն մեր ձգտումը, որ Արցախը պետք է ճանաչվի անկախ, հետո համայն հայության համաձայնությամբ միանա Մայր Հայաստանին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում