Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ խաղաղապահ ջանքերն ուղղված չեն «Լեռնային Ղարաբաղը կտրելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը՝ «պրոտեկտորատի» վերածելուն. ՌԴ ԱԳՆ-ի՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվող հայտարարությունը

Նոյեմբեր 06,2021 00:20

«Կա պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը հաշվի է առնելու երկրների ինքնիշխանությունը». Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբում կա պայմանավորվածություն, որ բոլոր երթուղիները գործելու են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվող հայտարարության մեջ:

«Ոչ պակաս կարևոր է, հատկապես մամուլում ուռճացված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  ֆոնին, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա», – ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (կետ 9) արձանագրված կարևոր դրույթ է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այդ առաջադրանքը հստակեցվել է 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ, որի համաձայն ստեղծվել է Եռակողմ աշխատանքային խումբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ:

Աշխատանքային խմբի գործունեությունը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր մթնոլորտի կարգավորման շուրջ համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկն է: «Մենք կողմերին ուղղորդում ենք աշխատել աշխատանքային խմբի շրջանակում պրոֆեսիոնալ կերպով՝ առանց քաղաքականացնելու և առանց առճակատման հռետորաբանության: Հենց այդպիսի մոտեցումը թույլ կտա հասնել իրական պայմանավորվածությունների, որը լայն դաշտ կբացի առաջիկա տարիների համատեղ գործունեության համար»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ մինչ օրս տեղի է ունեցել խմբի 8 նիստ (վերջինը տեղի է ունեցել Մոսկվայում հոկտեմբերի 20-ին): 2020թ. մարտին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին ներկայացվել է զեկույց, որում նկարագրվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիները, որոնք միանում են  հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններին: «Այդպիսի աշխատանքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը, կգրավի լրացուցիչ ներդրումներ, բեռներ, և հետևաբար, կապահովի ֆինանսական միջոցների հոսքեր անդրկովկասյան պետություններ: Ռուսաստանի և Հայաստանի համար այդ առումով լրացուցիչ հեռանկարներ են բացվում «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանին ծագած լարվածության ուղղությամբ Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրել իրավիճակի ապաէսկալացման և կարգավորման գործում: Ռուս սահմանապահները ներկա են սահմանի առավել խնդրահարույց կետերում: Մշակվել է կոնֆլիկտային իրավիճակների և միջադեպերի կանխման փորձ: 24-ժամյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը ակտուալ տեղեկության փոխանակման գործում:

«Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն է և հետագայում սահմանագծումը: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսվել այլ երկրների հետ սահմանագծման հարուստ փորձով»,- ասվում է տեքստում:

Դրանում նաև ասվում է, որ Մոսկվան հակված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: «Համոզված ենք, որ այդ բոլորի կողմից ընդունված ձևաչափն իրեն չի սպառել: Դրա վկայությունն է 2020թ. նոյեմբերից հետո առաջին անգամ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հանդիպման օրակարգում ներառված էին մարդասիրական և սոցիալ-տնտեսական հարցեր: Համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումների 3+2» ձևաչափով»,- ասվում  է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը, գտնվելով Հարավային Կովկասի երկրների անմիջական հարևանությամբ, կենսականորեն շահագրգռված է, որ այդ տարածաշրջանը վերածվի ամուր խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման տարածության: Այդ տրամաբանությունից ելնելով՝ Մոսկվան ողջունել է Անդրկովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկումը՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, առաջին հերթին առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում: «Համոզված ենք, որ միավորող թեմաներում համատեղ աշխատանքը կնպաստի հայտնի միջպետական տարաձայնությունների կարգավորմանը»,- կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին կլինեն հանրային ներկայացուցիչների, արվեստի, մշակույթի, ակադեմիական և հոգևոր գործիչների ուղիղ շփումները: Այդ ուղղությամբ առաջին քայլերից էր հոկտեմբերի 13-ին Մոսկվայում համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հովանու ներքո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Միջոցառման արդյունքում Պատրիարքի անունից տարածվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ընդգծվում էր, որ «ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար գոյություն չունի այլ ապագա, քան համագոյակցությունը»:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերին և մարդասիրական քայլերին:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հնարավորություն տվեց դադարեցնել անցյալ տարվա աշնանը բռնկված զինված հակամարտությունը տարածաշրջանում, փրկել մարդկանց կյանքեր երկու կողմերում, կանխել ռազմական գործողությունների վտանգավոր էսկալացիան, որը կարող էր սպառնալ ամբողջ տարածաշրջանի և նրա հարևանների անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ արյունահեղության դադարեցումը հնարավոր դարձավ մեծ մասամբ շնորհիվ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի եռանդուն միջնորդական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ռազմավարական հեռատեսության, որոնք քաղաքական կամք և պատասխանատվություն դրսևորեցին իրենց ժողովուրդների ճակատագրի համար:

«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում համերաշխ են այն հարցում, որ ռուսական խաղաղապահ զորամիավորումն անցյալ տարում ամուր կերպով ապահովել է կրակի դադարեցման ռեժիմը, իրեն դրսևորել որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հուսալի երաշխավոր: Մեր խաղաղապահների արդյունավետ աշխատանքի գրավականը երկու կողմերի հետ ձևավորված գործակցության խողովակներն են, ինչը թույլ է տալիս նրանց օպերատիվ կարևորել առաջ եկած ոչ մեծ միջադեպերը»,- ասվում է տեքստում:

Նշվում է, որ չսահմանափակվելով շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ներկայությամբ՝ ռուս խաղաղապահ զորամիավորումն ակտիվ նպաստել է պահվող անձանց և զոհվածների մնացորդների փոխանակման, գերիների վերադարձի, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանման աշխատանքներին, ուղեկցել է ուխտավորների կրոնական պաշտամունքի վայրեր:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020թ. դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 102 մարդ: Նրանից Հայաստան վերադարձել է 105 մարդ, Ադրբեջան՝ 17: Բացի այդ, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք փաթեթ:

Ռուս խաղաղապահ զորամիավորման ջանքերով 2020թ. նոյեմբերից նրա պատասխանատվության գոտում 1937 շենքում ստուգվել է պայթյունավտանգ առարկաների առկայություն, դրանցից մաքրվել է 2 311,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 6064 պայթյունավտանգ առարկա: 2020թ. նոյեմբերի 13-ից կողմերին է փոխանցվել զոհերի 1887 մարմին՝ 1563 հայ, 324 ադրբեջանցի: Փետրվարի 11-ից արտաշիրմվել է 87 զինծառայողի մարմին, որոնցից 83-ը՝ 1992թ. զոհված (հայկական կողմին փոխանցվել է 23, ադրբեջանական կողմին՝ 60 աճյուն), 4-ը՝ 2020թ. զոհված (փոխանցվել է հայկական կողմին):

Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա մարդասիրական բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության իրեր) և 800 տոննա շինանյութ: Տարվել են մարդասիրական ականազերծման աշխատանքներ: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ուսումնասիրվել է ավելի քան 728 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 17659 պայթյունավտանգ առարկա, Ադրբեջանին հարող շրջաններում հետազոտվել է ավելի քան 41,6 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 3439 պայթյունավտանգ առարկա:

Իրենց տներն են վերադարձել մոտ 53 հազար փախստականներ: Ռուս խաղաղապահները բժշկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, օգնել տեղ հասցնել և բաժանել մարդասիրական օգնություն, աջակցել կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնմանը և այլն:

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահությամբ հերքել սոցցանցերում և փնթի տեղեկատվական ռեսուրսներում թափառող այն հայտարարությունները, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել իբր «Լեռնային Ղարաբաղը կտրելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն և այլն: Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասվում է ԱԳՆ տեքստում:

Ըստ հայտարարության՝ Մոսկվայի կողմից նախաձեռնվող բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենվել են շահերի հավասարակշռության վրա, նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի ու Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ: Հետևաբար, մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, «և դա բնական է»:

«Ռուսական կողմը չի հավակնում մենիշխանություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում, չնայած այդ երկրների ու ժողովուրդների հետ մենք կապված ենք երկար և ամուր բարեկամությամբ, լայնածավալ գործընկերությամբ բոլոր ուղղություններով: Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության եղած ներուժն արդյունավետ կերպով օգտագործելու օգտին՝ համապատասխան կերպով հաշվի առնելով եղած տարածաշրջանային իրողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930