Ուժեղ է այն երկիրը, որն ունի ներքին կայունություն, որը հիմնականում գալիս է քաղաքական ուժեր-ժողովուրդ-իշխանություն համախմբվածությունից: Վերացական չլինելու համար, տեսնենք, թե այդ առումով ինչպիսին է իրավիճակը Հայաստանում եւ դրանից կախված, ինչ կարող է սպասվել Հայաստանին: Սկսենք արցախյան պատերազմից: Այդ պատերազմում մենք ջախջախիչ պարտություն կրեցինք, տվեցինք մարդկային չափազանց մեծ կորուստներ, սակայն այդ ամենը կարծես թե այնքան էլ լուրջ դաս չեղավ մեզ համար, քանզի դրանից հետո եւս մենք այնքան էլ չլրջացանք եւ դարձյալ թույլ տվեցինք բավականին շատ սխալներ:
Այսօր հասել ենք նրան, որ կես տարի է, ինչ ադրբեջանցիներն անարգել մտել են Հայաստանի որոշակի տարածքներ, տիրում են դրանց, օր օրի խորանում ավելի առաջ եւ այդ տարածքներում իրենց պահում են տիրոջ նման: Ավելին, այդ տարածքների հարակից բնակչությանը դրել են ենթակայի տեղ եւ ինչպես ուզում են, փորձում են այդպես էլ վարվել նրանց հետ: Նրանց վրա շարունակաբար կրակահերթեր են տեղում, գողանում են նրանց անասունները, այրում նրանց խոտհարքներն ու ձմռան պաշարները, ահաբեկում են բնակիչներին, փորձում են զրկել ազատ տեղաշարժվելուց, մի խոսքով, ինչ ուզում՝ անում են: Եվ չկա մեկը, որ հարցնի. այ շանորդիներ, դուք ո՞վ եք, գիտեք ո՞ւր եք մտել եւ ի՞նչ եք անում:
Այս ամենին մերոնք «ըմբռնումով» են մոտենում, քանզի պատկան մարմինները հրահանգ են իջեցրել, որ գլուխ մի դրեք ու հանկարծ չփորձեք կռիվ-մռիվ սարքել, մեզ օդի նման խաղաղություն է պետք: Զարմանալի է, որ արդեն 6 ամիս է մեր ժողովուրդը լռում, համբերում եւ դիմանում է այս ամենին: Թե տարբեր ուղղություններով քանի կիլոմետրեր են խորացել Հայաստանի սահմաններից ներս, տեղյակ չեմ, միայն կարծում եմ՝ որքան ուզենան, այդքան էլ կարող են խորանալ, քանզի նրանց համարյա դիմակայող չկա: Հո սրանով ամեն ինչ չի վերջանում, այդ տարածքներում նրանք նաեւ շինություններ են կառուցում: Կապան-Գորիս ճանապարհին մաքսակետ են կառուցել եւ մաքսային վերահսկողություն են իրականացնում: Եթե անկեղծ լինենք, ապա համարյա բոլոր բնագավառներում երկիրը, մեղմ ասած, գտնվում է ոչ նախանձելի վիճակում, կան անչափ շատ չլուծված խնդիրներ, որոնց վերջը չի երեւում: Երկիրը հայտնվել է արտաքին եւ ներքին բազմաթիվ խնդիրների հորձանուտում, դրանց լուծումները համարյա տեսանելի չեն, որի հետեւանքով իրավիճակը երկրում բավականաչափ ծանր է: Այս բոլորի հետեւանքով երկրում բացակայում է ներքին կայունությունը, որն էլ ավելի է վատացնում իրավիճակը:
Առջեւում մեզ սպասվում են բարդագույն եւ ծանրագույն գործընթացներ, որոնցից արժե առանձնացնել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, որոնց մասով մեզ համար կարծես այնքան էլ լավ հեռանկարներ չեն երեւում: Դրանց իրականացման համար մենք չունենք այն հիմքերը, որոնց պարագայում, եթե անգամ չշահենք, ապա գոնե չկորցնենք: Եթե սրան էլ ավելացնենք արդեն ամիսներ շարունակ չարչրկվող, Ադրբեջանի կողմից առաջ մղվող միջանցքի բացման հարցը, որին կարծես այնքան էլ դեմ չեն նաեւ մեր իշխանությունները, ապա պարզ է դառնում, թե հատկապես դրանից հետո մեզ համար ինչ տխուր անակնկալներ են սպասվում: Յուրաքանչյուրս՝ անգամ ինտուիտիվ կերպով կարող է փաստել, որ այդ միջանցքի բացումը մեզ համար բացի մեծ վնասներից, որեւէ լավ բան չի խոստանում: Այլ խոսքով, դրանից հետո մեր պրոբլեմները միայն ավելանալու են եւ երկիրը կանգնելու է նոր՝ ավելի բարդագույն խնդիրների առջեւ: Այս բոլորին էլ եթե ավելացնենք երկրում տիրող բարոյա-հոգեբանական անվստահությունը, որի հետեւանքով ժողովուրդը մասնատվել է երկու մասի՝ ներկաների եւ նախկինների պաշտպանների, ապա պարզ է դառնում, թե երկիրն ինչ ներքին կյանքով է շնչում եւ ամեն քայլափոխի ինչ պրոբլեմների կարող է դեմ առնել:
Կարդացեք նաև
Վերը նշված հանգամանքները խոսում են այն մասին, որ երկրում տիրում է չափազանց անկայուն վիճակ, որի հետեւանքով երկիրը բավականին թուլացած վիճակում է: Հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ պատերազմից դեռ մեկ տարի է անցել, զոհերի հիշատակը, անհետ կորածների, վիրավորների, գերիների մասով տառապանքը դեռ շատ թարմ է, որն էլ իր հերթին է հոգեբանորեն ջարդում ու թուլացնում ժողովրդի մի որոշակի հատվածի, որը փաստացի թուլացնում է ողջ ժողովրդին ու իր հերթին թուլացնում երկիրը, բնականաբար արդյունքում ունենում ենք շատ անկայուն երկիր: Գաղտնիք չէ, որ հատկապես նման իրավիճակում երկրի կայունության վրա չափազանց մեծ ազդեցություն ունի նաեւ քաղաքական դաշտի համայնապատկերը: Հայաստանի դեպքում չափազանց վատ են իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, նրանք ուղղակի ատում են իրար եւ անգամ ամենատարրական հարցում չեն հանդուրժում միմյանց:
Բնական է, երբ այրված են իշխանություն-ընդդիմություն բոլոր կամուրջները, երկիրը թաղվում է անհանդուրժողականության ճիրաններում, այնպես, որ այս պայմաններում լրիվ ավելորդ է խոսել ուժեղ երկիր ունենալու եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու մասին:
Իրականությունը սա է եւ մեր երկիրն այսօր այսպիսին է, որի փրկությանը կարելի է հասնել միմիայն մեծագույն ճիգերի գործադրմամբ, որն էլ եթե հաջողվի, հնարավոր է դարձյալ մի դեպքում, եթե ժողովուրդը ցուցաբերի մեծագույն լայնախոհություն, վերանայի իր սխալներն ու բացթողումները եւ պարտադրի իշխանությանն ու քաղաքական ուժերին, որպեսզի նրանք ծանրութեթեւ անեն երկրում ստեղծված աղետալի վիճակը, վեր կանգնեն անձնական ամբիցիաներից, առաջին տեղում դնեն երկրի շահն ու մի վերջին ճիգով փորձեն երկիրը հանել անդունդից:
Հակառակ պարագայում, արտաքին մարտահրավերների այս հորձանուտում կընկնենք թուրք-ադրբեջանական տանդեմի ոտքերի տակ, կորցնելով մեր պետությունն ու պետականությունը, նրանց պարգեւելով տիեզերական հրճվանք: Կարծում եմ, միայն ժողովրդի հստակ վերահսկողությամբ է հնարավոր պարտադրել իշխանությանը, ընդդիմությանը եւ մնացած քաղաքական ուժերին վեր կանգնել անձնական խնդիրներից, համախմբել բոլոր ուժերը ու մեկ միասնական ճակատով փորձել դիմակայել թշնամուն, հակառակ պարագայում մեր դիրքերն ավելի կթուլանան, կունենանք տարածքային եւ մարդկային նոր կորուստներ ու այդ պարագայում լրիվ կձախողենք առաջիկայում մեզ պարտադրվելիք սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, իսկ չարաբաստիկ միջանցքի բացման հարցին որեւէ լուրջ դիմակայություն հանդես բերել չենք կարող:
Փաստացի, առաջիկայում մեզ սպասվող հարցերը չափազանց ճակատագրական են լինելու եւ եթե չկարողանանք համախմբված մեր բոլոր ուժերը ոսկերչական ճշտությամբ համադրել եւ առանց սխալների տալ մեր վերջին՝ վճռական կռիվը, ապա իսկապես կկորցնենք Արցախի մնացած մասը ու համարյա Հայաստանն ամբողջությամբ: Ամեն ինչ որոշելու է մեր միասնությունն ու երկրի ներքին կայունությունը, գուցե՝ մեր վերջին կռիվը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2021