Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյանը հրաժարվել է հայցից եւ դրանով ներկայացված բոլոր պահանջներից

Նոյեմբեր 06,2021 13:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչական դատարանում էր այս տարվա մայիսից գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության եւ օրինականության գործով հայցադիմումը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին էր:

ՀՀ նախագահի 2021 թվականի փետրվարի 24-ի ՆՀ-25-Ա հրամանագրով Տ.Խաչատրյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցվել էին ՀՀ նախագահի նշյալ հրամանագրի կատարումը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի 26/02/2021 թվականին եւ 15/03/2021 թվականին ընդունված թիվ 350-Ա եւ թիվ 2-Ա, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19/03/2021 թվականի թիվ 830-Ա հրամանները: Ու վարչական դատարանում մինչ վիճարկվում էր ազատման իրավաչափությունը, կասեցվում հրամանների կատարումը, նույն պաշտոնին կատարվել էր նշանակում՝ Արշակ Կարապետյանին եւ ստացվել էր մի իրավիճակ, երբ դատարանը կատարվածին՝ նշանակմանը, Խաչատրյանի իրավունքների կիսատ իրացմանը պատշաճ ուշադրություն չէր դարձրել: Ըստ Տ.Խաչատրյանի հայցապահանջի՝ խախտվել է իր` հայցվորի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության 50-րդ (պատշաճ վարչարարության իրավունք), 57-րդ (աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք) եւ 61-րդ (արդյունավետ դատական պաշտպանության իրավունք) հոդվածներով սահմանված իրավունքները:

«Հենց այս էական նշանակություն ունեցող հանգամանքով է պայմանավորված հայցվորի շահագրգռվածությունը, քանի որ այլ անձի նույն պաշտոնին նշանակումը Խաչատրյանի մոտ ստեղծել է ողջամիտ տպավորություն եւ մտավախություն առ այն, որ ՎԴ/2529/05/21 եւ ՎԴ/1788/05/21 վարչական գործերով հնարավոր բարենպաստ դատական ակտի առկայության պայմաններում հայցվորի խախտված իրավունքները եւ օրինական շահերը չեն վերականգնվի: Այլ անձի նշանակումը հայցվորի կողմից զբաղեցրած պաշտոնին ողջամիտ կասկած է ստեղծում առ այն, որ հետագայում եւս կկատարվեն գործողություններ, որոնք ուղղված կլինեն այդ պաշտոնին հայցվորի վերականգնվելու կապակցությամբ խոչընդոտներ հարուցելուն կամ կզրկվի պաշտոնին վերականգնվելու իրական հնարավորությունից»,-նշել էր Խաչատրյանի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 29-ին այլ զարգացումներ են տեղի ունենում վարչական դատարանում: Վարչական դատարանը (դատավոր՝ Ելենա Առաքելյան, հայցվորի ներկայացուցիչ՝ Մարտուն Ստեփանյան, պատասխանող ՀՀ վարչապետի ներկայացուցիչ՝ Տաթեւիկ Սարուխանյան) քննության է դնում Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը կարճելու հարցը:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին է ներկայացնում Տիրան Խաչատրյանի կողմից ՀՀ վարչական դատարանին հասցեագրված դիմում, որով վերջինս հայտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Ա հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, հրաժարվում է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից եւ դրանով ներկայացված բոլոր պահանջներից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930