Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Արմանը հաճախ էր հիշում իր մշեցի պապերին ու ավելի մեծ հայրենասիրությամբ ծառայում»

Նոյեմբեր 06,2021 14:30

Ասում է հերոսի եղբայրը՝ Արթուրը:

100 օրից Արմանը պետք է վերադառնար ծառայությունից: Չվերադարձավ: Այսօր նրա կատարած հերոսությունների մասին պատմում են հետմահու պարգեւներն ու հերոսի գյուղում՝ Վաղաշենում նրա եւ այլ զոհված զինվորների հիշատակին կառուցվող հուշակոթողն ու հուշարձանը: Արման Մալխասյանը զոհվեց 44-օրյա պատերազմում՝ համալրելով իր պես հերոսների շարքերը: Արմանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Սերժանտ էր, ծառայությունն անցնում էր Հադրութի զորամասում:

«Յուրաքանաչյուր հարցում կարողանում էր արագ կողմնորոշվել եւ գտնել խնդրի լուծումը: Ծառայությունից գոհ էր, լավ էր ծառայում: Հաճախ էր հիշում իր մշեցի պապերին ու ավելի մեծ հայրենասիրությամբ ծառայում հայոց բանակում: Եզակի երիտասարդ էր, ում հետ կարող էիր զրուցել ցանկացած թեմայով ու մեծ բավականություն ստանալ»,-ասում է հերոսի եղբայրը՝ Արթուր Մալխասյանը: Նրա խոսքով, եղբոր հետ նույն համալսարանում են սովորել եւ միասին ծառայել՝ եղբայրներով միմյանց օգնելով՝ լրացնել տնեցիների կարոտը:

Արթուրի խոսքով, կրտսեր եղբայրը սիրում էր սպորտը, երաժշտությունը, արվեստը, գրականությունը, ասմունքը. «Զինակից ընկերների հետ դիրքերում նախորդ զորակոչի պատրաստած մատուռն էր վերանորոգել։ Սրբավայրի կողքին էլ սպիտակ քարերով մեծ խաչ էր պատրաստել ու գրել՝ Աստված պահապան բոլոր դիրքապահներին»։

Արթուրը պատմում է, որ պատերազմի ժամանակ՝ դիրք պահող գումարտակով սեպտեմբերի 25-ից Հադրութում են եղել. «Տարբեր դիրքերում էինք կատարում մեր մարտական առաջադրանքները, երկուսս էլ դիրքի ավագ էինք: Սեպտեմբերի 27-ին հրաման տրվեց հետնահանջի, այդ ժամանակ էլ Արմանը եկավ ինձ մոտ: Միասին կռվեցինք մինչեւ հոկտեմբերի 14-ը, այդ օրը ԱԹՍ-ի հարվածից վիրավորում ստացավ մեր ընկերներից մեկը` վերինգետաշենցի Էդգար Բաղդասարյանը: Արմանը գնաց նրան օգնելու, սակայն արկի հարվածից զոհվեց՝ թե՛ մեր ընկերը, թե՛ եղբայրս»:

Արմանն Արթուրի աչքի առաջ է զոհվել։ Մեծ հորեղբորն է Արթուրն ասել, ոչ թե հակառակը։ «Երբ ինձ ու Արմանին իջեցրին դիրքերից՝ եղելության մասին ասացի փոքր հորեղբորս, որն էլ լուրը հայտնեց ծնողներիս»,- ասում է Արթուրը:

Արման Մալխասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով։ Այժմ հերոսի գյուղում՝ ի պատիվ գյուղի 9 նահատակների, կառուցվում է հուշակոթող եւ հուշարձան:

Արման Մալխասյանը 2006-2018 թթ. գերազանցությամբ սովորել եւ ավարտել է Վաղաշենի միջնակարգ դպրոցը: Հարազատներն ասում են, որ հետաքրքրասեր եւ խելացի աշակերտ է եղել։ 2018 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի եւ վիճակագրության ֆակուլտետը: Նույն համալսարանում սովորել է եղբոր՝ Արթուր Մալխասյանի հետ եւ նրա հետ էլ անցել ծառայության 2019 թվականի հունվարի 24-ին: Եղբոր եւ հարազատների խոսքով՝ Արմանը հայրենասեր երիտասարդ էր, ում համար հայրենիքը բարձրագույն արժեք էր:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Փառք մեր բոլոր նահատակված նվիրյալ զինվորներին և սպաներին։ Դուք ապրեցիք սակավ տարիներ, բայց շատ ավելի մեծ ավանդ ունեցաք Հայոց աշխարհի համար, քան ողջ մնացածներս, պատերազմը վերլուծողներս, Ձեր հիշատակի համար խոնարհվողներս միասին վերցրած։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930