Լրահոս
Օրվա լրահոսը

«Դետքը» չի արտագաղթել

Նոյեմբեր 06,2021 13:00

Հավաստիացնում է ռոք խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը:

Հայաստանյան շոու-բիզնեսում, որին հաճախ չկայացած որակումն է տրվում, երբեմն փայլատակումներ են լինում, ինչը չի վրիպում «Առավոտի» ուշադրությունից։ Այսօր խոսքը «Դետք» սոֆթ-ռոք ժանրի բոյ-բենդի մասին է։ Խմբի համար հիմնականում երաժշտություն են գրում Արման ԱՄՊ-ը, Արման Պետրոսյանը եւ Անուշ Ալավերդյանը, իսկ խոսքերը՝ Վահան Կիրակոսյանը։ Ի դեպ, դետքը ռազմական եզրույթ է՝ երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրեն վստահված տարածքի պահպանությունն է։ Բենդը ստեղծվել է 2015թ., պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի կողմից։

Արման Պետրոսյանը եւ Ներսես Ավետիսյանը

2018թ. խմբի առաջին CD-ի՝ «Դիտակետ #21»-ի շնորհանդեսի ժամանակ, երբ պրոդյուսերին հայտնեցինք մեր կարծիքը, թե խումբը միակն է երգացանկի առումով, որտեղ միայն ռազմա-հայրենասիրական երգեր են, այն էլ հիանալի մեղեդիներով, ինչը վերջին տարիներին մեր երգարվեստում մեծ հաշվով դեֆիցիտ է, հիշեցինք նաեւ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում խմբի առաջին` Forevermore տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեր զրուցակիցը փոքր-ինչ ուղղում կատարեց ասվածում. «Մեր ստեղծագործությունները ես կանվանեի զինվորական երգեր, որոնք ստեղծվել են հենց բանակում, բենդի տղաների՝ Արման Պետրոսյանի, Ներսես Ավետիսյանի եւ Արեգ Շահինյանի՝ պարտադիր զինծառայության տարիներին»։ Օրերս հայտնվել է «Դետքի» երկրորդ ալբոմը՝ «Լույսը բացվելիս» խորագրով, որտեղ տեղ են գտել երգեր ոչ միայն հայերենով, այլ նաեւ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն։ Դրանք գրված են էլեկտրո-փոփ եւ բարդ ուղղություններում։

Նոր ալբոմը նոր կազմով է. նախորդից՝ Արման Պետրոսյան, որն, ի դեպ, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանի որդին է եւ Վահան Կիրակոսյան։ Ցանկացանք հանդիպել խմբի պրոդյուսերի հետ, բայց տեղեկացանք, որ նա Հայաստանում չէ, ստեղծագործական այլ նախագծեր իրականացնելու նպատակով վերջերս մեկնել է ԱՄՆ։


Կապվեցինք Արման ԱՄՊ-ի հետ։ Նա տեղեկացրեց, որ այս պահին Լոս Անջելեսում միայն Արմանն է եւ նոր-նոր նախաձեռնել են նախագիծ, որը կապ չունի հայկական երգարվեստի, ընդհանրապես հայկական իրականության հետ։ Առանց փակագծեր բացելու հավելեց նաեւ, թե շփվում են տարբեր ազգերի երաժիշտների հետ, որոնց թվում կան այնպիսիք, որոնք համագործակցում են շոու-բիզնեսի որոշ աստղերի հետ։ Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այդ նախագծում տեղ գտնեն նաեւ, ասենք, հայկական ֆոլկ երաժշտության նմուշներ եւս։ Մեր զրուցակիցը պատասխանեց. «Կրկնեմ՝ նոր-նոր ենք սկսել կոնցեպտի վրա աշխատել, ես էլ ունեմ նման ցանկություն, չի բացառվում։ Ինձ ուրախացնում է մի փաստ. այլազգի երաժիշտները գիտեն Կոմիտասին…»։ Ռեպլիկին՝ հաճելի է լսել այդ մասին, հույս ունենանք, որ Կոմիտաս էլ կընդգրկվի նախագծում, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Միանշանակ ոչ։ Ես թույլ չեմ տա, որ նույնիսկ մոտ գնան Կոմիտասին։ Ինչպե՞ս կարելի է Վարդապետի ժառանգությանը մոտ գնալ առանց մասնագետների, այդ թվում՝ կոմիտասագետների հետ խորհրդակցելու»։


Զրույցի ընթացքում մենք առանձնացրինք «Դետքի» հատկապես երկու ստեղծագործություն, որոնցով, համոզված ենք, տպավորված է նաեւ հանդիսատեսը։ Դրանք «Պարույրի հետ» եւ «Դիանա» երգերն են։ Առաջինում երգի սկզբում հնչում է Պարույր Սեւակի հայրենաշունչ խոսքը։ Իսկ «Դիանա» կամ «Դայանա» երգը, ըստ մեզ հասած տեղեկությունների, տեսահոլովակի է վերածվել արտերկրում եւ ասում են, որ հետաքրքիր պատմություն ունի, կարելի է ասել՝ պատմական։ Այս առիթով պրոդյուսերը մանրամասնեց. «Դիանա» կամ անգլերեն՝ «Դայանա» երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Ճապոնիայում, 2019թ.։ Այն նվիրված է աշխարհում առաջին կին դեսպանին՝ ծագումով հայուհի Դիանա Աբգարին, որը 1918-21թթ. Հայաստանի դեսպանն էր Ճապոնիայում։ Ի դեպ, տիկինը ծնվել է Հնդկաստանում, ապրել Ճապոնիայում»։

Չէինք կարող չհետաքրքրվել, թե համավարակի պայմաններում ինչպես են ԱՄՆ-ում ընթանում «բազմազգ» երաժշտական նախագծի աշխատանքները։ Արման ԱՄՊ-ն ասաց. «Այս չարիքի պայմաններում իհարկե շատ դժվար է նման նախագիծ իրականացնելը, բայց ինչ արած, կարծես սովորում ենք ապրել, ստեղծագործել քովիդի կողքին։ Նշեմ նաեւ, որ նախագծում բոլոր ընդգրկվածները պատվաստված են»։
Հետաքրքրությանը՝ նախագիծն ավարտելուց հետո կվերադառնա՞ն Հայաստան, թե՞ Վահան Կիրակոսյանն էլ կմիանա իրենց, պրոդյուսերի պատասխանը հակիրճ էր ու համոզիչ. «Մենք չենք արտագաղթել։ Կվերադառնանք եւ «Դետքը» կշարունակի իր գործունեությունը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930