Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ տեսակն եմ պահում եւ չեմ սիրում ստանդարտի մեջ ապրել»

Նոյեմբեր 06,2021 12:30

Ասում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ, դերասանուհի, ռեժիսոր Մարգարիտա Մնացականյանը

– Տիկին Մնացականյան, ի՞նչ կասեք այսօրվա մշակութային կյանքի մասին: Ձեզ գոհացնո՞ւմ է:

– Եվ գոհացնում է, եւ չի գոհացնում: Այո, որովհետեւ ես տեսնում եմ շատ տաղանդավոր մարդիկ՝ նաեւ երիտասարդ ուսանողներիս մեջ, շատ մեծ հոգեւոր կապ ունեմ նրանց հետ: Ներքին զգացում ունեմ, որ ապագայում նրանք լավ թատերական գործիչներ կդառնան: Ջղայնանում եմ, որովհետեւ կան մարդիկ, ովքեր կործանում են նման շնորհալիներին՝ իրենց էժանագին արվեստի մատուցմամբ: Այսօրվա երիտասարդների ներքին աշխարհում կա ընդհանուր արվեստների մեծ խառնուրդ, եւ երբ այն սինթեզվում է եւ երեւում է անհատի ստեղծագործական մտածողությունը, ուղղակի աննկարագրելի է եւ կարելի է ասել՝ հետագա ընթացքը հաջողվում է:

– Խոսենք ձեր բեմադրած ներկայացումներից: Որո՞նք կառանձնացնեք:

– 50-ից ավելի բեմադրություններ ունեմ, որոնց մեծ մասը պատվերով եմ արել: Ավելի շատ մանկական ներկայացումներ եմ բեմադրել՝ Թումանյանի, Ղազարոս Աղայանի եւ շատ այլ հետաքրքիր հեղինակների ստեղծագործությունների հիման վրա:
Եղեռնի 95-ամյակին բեմադրեցի «Աշխարհի փրկիչը» ներկայացումը: Հետո ամուսինս շատ ծանր հիվանդացավ, մի քանի տարի խնամում էի, անցած տարի մահացավ, ես ուղղակի ժամանակ չունեի ներկայացում բեմադրելու: Հիմա երկու ստեղծագործություն ունեմ, որոնք ուզում եմ պարտադիր բեմադրել, սակայն չեմ կարողանում գտնել դերակատարին: Հումորային շերտերով ներկայացում է լինելու. Արգիշտին գալիս է Երեւան, ծանոթ մարդ չի գտնում եւ սկսում է երկխոսել արձանների հետ: Վերջում էլ Թամանյանն ասում է՝ քարը դիմացիցս վերցրու, մի արձանների կուսակցություն բացիր, այն երեխային էլ դիր կուսակցության նախագահ: Ասում է՝ այն լակոտն ի՞նչ կուսակցության նախագահ (նկատի ունի Սասունցի Դավթին), հետո շարունակում է՝ ո՞նց, դու մոռացե՞լ ես, որ Մսրա Մելիքը, որ եկավ թուրը պահեց, բոլորը տակով անցան, միայն այդ լակոտը չանցավ, նա ոչ մի կոռուպցիայի չի ենթարկվի, Քուռկիկ Ջալալիին էլ խորհրդական կդնես, նա էլ չի թողնի:
Բոլոր արձանների հետ երկխոսություն կա, նրանց բողոքը կա, որը պետք է լավ մատուցվի:


– Երկար տարիներ է՝ դասավանդում եք: Ի՞նչ կասեք դասախոս-ուսանող կապի մասին:

– Ամեն մի ուսանող ինձ համար շատ թանկ էակ է, որովհետեւ ես գիտեմ, որ ամեն մեկի մեջ կգտնեմ շատ հարուստ էություն: Հնարավոր է գիտելիքները քիչ լինեն, որը վերականգնել կարելի է, բայց պետք է նրա օգնությամբ բանալիով բացել ներսը:
Շատ ուսանողներ էլ ունեմ, որոնք ավարտել, գնացել են, բայց ամեն անգամ տեսնելիս, թեկուզ հեռվից, մոտենում, ողջունում են: Մի՞թե սա երջանկություն չէ: Ես հենց այսօրինակ արարքներն եմ գնահատում եւ միշտ մարդու միջի իրական մարդուն եմ փնտրում է գնահատում: Ուսանողներ ունեմ, որոնք իմ ընկերներն են եւ միայն ուրախ եմ, որովհետեւ մարդու տարիքը կապ չունի, այստեղ հոգին է կարեւոր, որը ընդհանրացնող է:


– Աշուն է այս իրականության մեջ… ի՞նչն է ձեզ տանջում:

– Տանջվելու ոչինչ չունեմ: Ես ինձ ուժեղ եմ համարում եւ հաղթահարում եմ ամեն փորձություն:


– Ինչպե՞ս կնկարեք ձեր անցած ճանապարհի դիմանկարը:

– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ սկզբից դերասանուհի էի, հետո նոր անցա ռեժիսուրային: Երկուսն էլ հավասարազոր են, բայց ավելի շատ ռեժիսուրան եմ սիրում, քանի որ դերասանականը պատրաստի կատարում ես, ճիշտ է, ներքին աշխարհը պետք է մասնակից լինի, եթե կարողացար քո էներգետիկան փոխանցել հանդիսատեսին, դու շնորհքով դերասան ես: Իսկ ռեժիսուրան մի հրաշք աշխարհ է, նոր մտքերի տեղատարափ է լինում: Անցած ճանապարհիս դիմանկարը երջանիկ կնկարեմ, որովհետեւ ես մարդկանց կողմից շատ պարգեւատրված մարդ եմ: Ես իմ տեսակն եմ պահում եւ չեմ սիրում ստանդարտի մեջ ապրել:


– Խոսենք թատրոնի մասին:

– Թատրոնը հոգով պետք է հասկանալ, այն մարդու էության մեկնաբանումն է՝ լավ եւ վատ: Պետք է հարգանքով մոտենալ արվեստին, հատկապես թատերարվեստին, որովհետեւ մենք գործ ունենք մարդու հետ: Գոնչարովն ասել է՝ թատրոնը գիտություն է մարդու կողմից մարդու մասին:

– Գրեթե միշտ գլխարկով ենք ձեզ տեսնում: Ձեր ոճի մի մա՞սն է, թե ինչ-որ խորհուրդ ունի:

– Մոտ 35 տարի առաջ իմ ճակատի խալը բորբոքվեց եւ վատ ախտորոշում ունեցա: Վիրահատվեցի, բժիշկն ասաց, որ արեւի տակ բացարձակ չի կարելի: Սկզբից գլխաշոր էի կապում, հետո ամառային գլխարկ գնեցի: Տեսնողներն ասում էին, որ սազում է եւ հետո սկսեցին ինձ գլխարկներ նվիրել: Գլխարկս եւ՛ պաշտպանական-առողջական նշանակություն ունի ինձ համար, եւ՛ իմ իմիջն է:

– Ձեր կյանքում ինչի՞ն եք ամենաշատը սպասում:

– Սպասում եմ ինչ-որ հրաշք բանի, որը անկեղծ չգիտեմ, թե ինչ է: Իմ կյանքում տասնհինգ տարի սպասել եմ երեխայի եւ ունեցել եմ, ով հիմա բժիշկ է եւ երկու երեխաների մայր: Ինձ համար այս ամենը մի այլ երջանկություն է:

– Նախընտրած քաղաքական ուժ ունե՞ք:

– Ոչ մի հեղափոխության չեմ մասնակցել, եւ երբ ինձ հարցնում են, թե ում ես ընտրել կամ ընտրելու, ասում եմ՝ Եռաբլուրի զինվորներին, որովհետեւ ամենահավաստին իրենք էին, ամենաճիշտ հայրենասերն ու հայրենիքի համար մտածողներն էին, հայի ամենավառվռուն ու ֆիդայական տեսակն իրենք էին: Մենք կորցրեցինք մեր լավագույն գենոֆոնդը: Հիմա էլ մեր կողքին ապրող այդպիսի տղաներ կան: Եվ ամենակարեւորը՝ մենք պետք է սիրենք հայ լինելը:

– Ի՞նչ ստեղծագործական ընթացք է ձեզ մոտ:

– Հրատարակման փուլում է իմ «Եռերգություն» գիրքը: Գրել եմ Հայաստանում իմ ճանաչած երեք բարձրագույն մարդկանց մասին՝ Վազգեն կաթողիկոսի, Փարաջանովի, Խորեն Աբրահամյանի:

– Որպես այսօրվա զրույցի ավարտ…

– Ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, ներքին բավարարվածություն ու ազգային մեծ մտածողություն ունենան:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930