Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մելիքյանը՝ իր նախասիրությունների ու բույսերի հանդեպ սիրո մասին

Նոյեմբեր 06,2021 12:00

Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը մինչեւ 1958 թ.֊ը ապրել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հետո եկել է Հայաստան։ Արժանացել է մի շարք պետական մրցանակների, գիտական աստիճանների եւ կոչումների։ Պարզեցինք, որ նա սիրում է մշակել բույսեր։ Ե՛վ իր աշխատասենյակում, եւ՛ տանը աճեցնում է ծաղիկներ, ծառեր, որոնց խնամքով միայն ինքն է զբաղվում։

«Թեհրանում մեր տան դիմաց կար մի ավազան՝ կարմիր ձկներով, իսկ ավազանի կողքին փոքր պարտեզ էր։ Մենք վարձով էինք ապրում այդ տանը։ Պարտեզը խնամելու համար, տան տերը այն բաժանել էր երկու մասի եւ պատասխանատու էր նշանակել ինձ ու իմ ընկերոջը՝ Ադոլֆին, մենք մեծ սիրով խնամում էինք այգին։ Գարնան օրերին Թեհրանի ամեն խաչմերուկում վաճառում էին ծաղիկների սածիլներ։ Մեր տան տերը մեզ տանում էր իր հետ, որպեսզի ընտրենք, թե որ ծաղիկը գնի։ Նրա նպատակը մեկն էր՝ այնպես անել, որ մենք ծաղիկները, պարտեզները չփչացնեինք, այլ խնամեինք ու սիրեինք բնությունը: Գուցե սա այսօր դիտվի որպես շահագործում, իսկ այն տարիներին, իմ կարծիքով՝ դաստիարակություն էր»,-պատմում է պրոֆեսորը։

Ասում է՝ տան տերը քաղաքից դուրս եւս մեկ այգի է ունեցել, որտեղ սովորեցրել է ծառեր պատվաստել եւ տնկել. «Նա աշնանը հավաքում էր բակի երեխաներին եւ տանում էր իր այգի՝ ծառ տնկելու, իսկ գարնան օրերին սովորեցնում էր պատվաստել։ Երբ ես եկա հայրենիք, այդ հարստությունը ինձ հետ բերեցի։ Հետո Հայաստանում ես էլ սկսեցի ծառատունկ կազմակերպել։ Ամեն տարի ուսանողներիս հետ գնում ենք ծառատունկի, որից հետո նստում ենք հացի, պարում ենք, ուրախանում ենք։ Հաջորդ տարի, երբ նորից գնում ենք նույն տեղը ծառատունկի, պետք է տեսնես՝ յուրաքանչյուրը ինչպես է վազում՝ իր ծառը տեսնելու, ի՜նչ սիրով, ի՜նչ սպասումով»,֊ պատմում է պարոն Մելիքյանը եւ միաժամանակ ցույց տալիս նկարների ալբոմը, որտեղ պահված են յուրաքանչյուր ծառատունկի օրվա նկարները: Պրոֆեսոր Մելիքյանը եւ ուսանողները միասին ավելի քան 200000 ծառ են տնկել։ ԵՊՀ֊ի իր աշխատասենյակի բոլոր բույսերին առանձին սիրով է խնամում, իսկ նվիրելուց էլ սիրում է իր ձեռքով քաղել փոքրիկ կիտրոնները, ծաղիկները, առողջարար բույսերը, որպեսզի հանկարծ չվնասվեն։ Նա ծաղիկներից նաեւ խմիչք է պատրաստում։ «Սրանք վարդի կոկոններ են։ Լցնում եմ շշի մեջ, վրան ավելացնում եմ օղի, հետո 6 ամիս դնում եմ արեւի տակ»,-ասում է մեր զրուցակիցը։

«Միշտ ամենալավ ընկույզներն եմ ընտրում ու գնում եմ, հետո դնում ջրի մեջ, թրջվելուց հետո ցանում եմ: Ընկույզի ծառը խնամքի կարիք չունի, պետք է ուղղակի տնկել, նրա արմատը կտարածվի եւ ջուր կգտնի»,-ասում է պրոֆեսորը ու հավելում, որ թե՛ իր տան, թե՛ աշխատասենյակի բոլոր բույսերը հավասար է սիրում։

Տաթև ՆԱՋԱՐՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930