Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված 2 մլն դրամի չափով գրավը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Նախագահող դատավոր Գնել Գասպարյանը բավարարեց դատախազների ներկայացրած միջնորդությունը: Դատական նիստը մեկնարկել էր կեսօրին։
Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։ Այս քրեական գործին միացվել է Առուշանյանի վերաբերյալ մյուս քրեական գործը, որի շրջանակում մ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Ըստ մեղադրող կողմի, գրավի գումարը պետք է փոխանցվեր պետական բյուջե, քանի որ Առուշանյանը խախտել է խափանման միջոցի պայմանը՝ կատարելով նոր հանցանք։
Կարդացեք նաև
Դատարանը թույլատրեց Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, բայց պահպանեց հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը: Պաշտպանական կողմը նաեւ միջնորդել էր դատարանին Առուշ Առուշանյանին տեղափոխել «Գորիս» ՔԿՀ։
«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտենսիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվում է դատարանը»,-որոշումը ներկայացրեց դատավոր Գնել ԳԱսպարյանը։
Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը դատարանը չքննարկեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ