Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան․ «ՌԴ-ն թուլանում է եւ ուզած- չուզած զիջում է տարածաշրջանի ազդեցության մասնաբաժիները Թուրքիային»

Նոյեմբեր 05,2021 21:25

Ազգային-ժողովրդավարական բեւեռն այսօր քննարկում էր կազմակերպել «Պատերազմում պարտության պատճառները» թեմայով։

Քննարկման ժամանակ ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն իր խոսում նշեց՝ գրավված, օկուպացված, զավթված պետության վիճակում ենք. «Ուղղակի նոր ժամանակները հիբրիդային ժամանակներ են, դրա համար մենք դեռ այստեղ կանք եւ կարող ենք հավաքվել ու խոսել։ Բայց իրականում մեր պայքարի ձեւը դիմադրության շարժումն է, եւ շնորհիվ նրա, որ մենք ամբողջ աշխարհում ցրված ժողովուրդ ենք, մենք կարողանում ենք այս ամենն իրականացնել հենց ցանցային որոշակի տրամաբանություն օգտագործելով։ Այդ դիմադրության շարժումը պետք է տրամաբանական ավարտ ունենա, որպեսզի այն գաղափարները, որի մասին խոսում ենք, որոնք թռիչքային, պարադիգմային փոփոխության գաղափարներ են, լինի դա արտաքին քաղաքականության, բանակի կառուցում եւ այլն, այդ բոլորն անելու համար մենք պետք է լրիվ ուրիշ իրականության մեջ հայտնվենք։ Մինչեւ տրամաբանական ավարտը չլինի՝ արթնացումը չլինի, այդ կրիտիկական զանգվածը չլինի, մեր ժողովրդի, թե՛ սփյուռքում, թե ՛ Հայաստանում, որը կգիտակցի, եւ այդ փոփոխությանը կգնա, բնականաբար, ինչ էլ խոսենք, այդ ամենը կարելի ի դեմ մեր ժողովրդի օգտագործեն»։

Ըստ Չուգասզյանի, այս իմաստով դրա ժամանակը հասունանում է․«Մենք ամենօրյա գործունեությամբ մոտեցնում ենք դիմադրական շարժումը մոբիլիզացիոն այն կրիտիկական կետին, որից հետո էքսպոնենտալ աճն է գնում, որովհետեւ միջազգային իրավիճակը կտրուկ փոփոխվում է։ Իրանը վերսկսում է միջուկային բանակցությունները եւ դա փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել։ Դա նշանակում է, որ Իրանը դուրս է գալիս շրջափակումից, իսկ մեզ համար ահռելի հնարավորություններ է ստեղծվում։ Իհարկե, դա կտեւի մի ինչ-որ ժամանակ մինչեւ Իրանը կսկսի հյուսիս-հարավն ամբողջ ուժով իր հզորությունը ցույց տալ, բայց մեզ համար էլ հնարավորություն է, որովհետեւ Հայաստանը նոր դերակատարումներ կարող է ստանձնել»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց՝ պատերազմի կառավարումը երեք մակարդակ ունի՝ քաղաքական-ռազմավարական, ռազմական-ռազմավարական եւ օպերատիվ-մարտավարական․«Այս բոլոր մակարդակներում էլ մենք սարսափելի ձախողումներ ենք ունեցել»։ Խոսելով պատերազմում պարտության քաղաքական-ռազմավարական պատճառների մասին, ասաց՝ տարածաշրջանի ճարտարապետության դինամիկան հակահայ իրավաքաղաքական հայեցակարգը եւ կիսագաղութային, հակապետական կառավարման համակարգը այն հիմնական գործոններն են, որոնք ծնել են այն իրավիճակը, ստեղծել են այն պարտությունը, եւ մեզ դրել են պետականությունը կորցնելու եւ հայրենիքը կորցնելու վտանգի հունի մեջ։

Նա ասաց, որ տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետության ձեւավորումը սկսվել է 1920-21 թվականներից, ռուս-թուրքական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցավ Հայաստանի զավթում, մասնատում, բռնակցում․«Այդ ամենը ամրագրվեց Կարսի պայմանագրով եւ Ռուսաստանին անցած հատվածում շարունակվեց հայաբնակ տարածքների եւ անգամ խորհրդային Հայաստանի մասնակի մասնատումն ու զավթումը։ Ադրբեջանի ներքին ակտերով ստեղծված այսպես կոչված ԼՂԻՄ կազմավորում կար, որն ընդամենը մի փոքր տարածքի վրա էր ձեւավորվել, որի նպատակն էր այդտեղ թողնել հայերին, իսկ հետագայում դուրս մղել այնտեղից»։

Շարունակելով թեման, Վարուժան Ավետիսյանը խոսեց Խորհրդային միության լուծարումից հետո ստեղծված իրավիճակը, ասաց, որ 1988-1994 -ին տարածաշրջանի ճարտարապետական փոփոխություն տեղի ունեցավ՝ Արցախի ազատագրական շարժման շնորհիվ եւ ԽՍՀՄ լուծարման գործընթացի հետեւանքով Ռուսաստանը թուլացավ, հեռացավ տարածաշրջանից․«Մենք նորից պետություն ստեղծելու հնարավորություն ունեցանք։ Բայց ՀՀ քաղաքական վերնախավը իր ջախջախիչ մեծամասնությամբ, ցավոք, իրազեկ չէր, քաղաքական մտածողություն չուներ, մարդիկ էին, որ կյանքից ուղղակի ինչ-ինչ հանգամանքների բերմամբ մտել էին քաղաքականություն եւ հընթացս էին փորձում քաղաքականություն վարել, ինչպես նաեւ հսկայական շերտ էին կազմում խորհրդային հատուկ ծառայություների գործակալները։ Եւ այդ երկու գործոնների, ազգային նպատակ ու կամք չունենալու, ստրկամիտ լինելու, փոքր տրամաչափ ունենալու հետեւանքով մենք տարբերվեցինք մինչեւ ԽՍՀՄ կազմավորում պետություն ունեցած, հետո գաղութացված հանրապետություններից եւ մնացինք կես ճանապարհին՝ մեզ դիրքավորելով որպես Ռուսաստանի կիսագաղութ։ Մենք դեօկուպացիայի ակտ չընդունեցինք, մենք ընդունեցինք անկախության հռչակագիր, որը կարող ենք անվանել նախահռչակագիր, որովհետեւ այն ընդամենը հռչակեց անկախ պետականության սկիզբ դնելու մասին եւ չդատապարտեցինք տարածաշրջանային ճարտարապետությունը ստեղծած Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիային իրենց կատարած ագրեսիայի համար։ Մեզ չդիրքավորեցինք որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, եւ դրա հիման վրա ռազմավարություն չորդեգրեցինք, եւ մեր ձեռքով խորը դարակներում թաղեցինք հայկական պետականության միջազգային անձնագիրը, որը կազմված է 1920 թվականի Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկից՝ արեւելյան սահմանի վերաբերյալ, Սեւրի պայմանագրից, Վիլսոնյան իրավարար վճռից։ Այս ամենը ԿԳԲ-ի ցուցումով արեցին մեր ղեկավարները։ Մեզ ներշնչեցին, որ դրանք ընդամենը թղթի կտորներ են։ Մինչեւ հիմա էլ շարունակում են այդպես պնդել»։

Վարուժան Ավետիսյանի կարծիքով․ «Ստեղծվեց հակապետական կառավարման համակարգ, գաղութային վարչակազմ՝ Մոսկվայի ռազմավարական վերահսկողության ներքո, որը հետզհետե ուժեղացավ։ Գաղութային իշխանությունը մեկը մյուսին փոխանցեցին, ոչինչ չարեցին, օրինակ՝ Քոչարյանը եկավ ու ռազմավարական արդյունաբերության կարեւոր ճյուղերի սաղմերը միանգամից վերացրեց։ 2018 թվականի չհեղափոխությունից հետո հնարավոր եղավ ստեղծել ժողովրդի մոլորվածության մի բացարձակ վիճակ , գաղութային վարչակազմը ազատեց իր ձեռքերն ու պայմանավորված պատերազմը սպասարկելով մեզ բերեց հասցրեց այս աղետի շեմին։ Այս կիսագաղութային համակարգի խորքային առաքելությունը հայոց պետականության վերացումն է եւ դրանով էլ զբաղված է այս համակարգը, Մոսկվայի հպատակ քաղաքական դաշտի մեծամասնությամբ, մեդիանն էլ նույն վիճակում է, առանձին բացառություններով

Հիմա երկու հակադիր գործընթացներ կան՝ Ռուսաստանի ռեւանշիստական մղումներն ու դրանց դրեսորումները՝ ռուսական կայսրություն -2 կամ ԽՍՀՄ-2 ստեղծելու ուղղությամբ եւ դրա մաս է կազմում Լավրովի պլանը, որի նպատակն է գաղութացված Հայաստանին օգտագործելով եւ նրան մասամբ զոհաբերելով, ազդեցություն ձեռք բերել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց այլ իրադարձություններ տեղի ունեցան՝ ՌԴ-ն թուլացավ, ընկավ ռազմավարական նահանջի ընթացքի մեջ եւ կանգնեց ընտրության առաջ՝ թույլ տալ, որ Արեւմուտքը, որը ակտիվանում է եւ պետք է վերադառնա մեր տարածաշրջան, թե վերաձեւել տարածաշրջանը՝ մի նոր ճարտարապետություն ձեւավորել։ ՌԴ-ն ընտրեց երկրորդ տարբերակը եւ Թուրքիայի եւ մյուս շահագրգիռ տերությունների հետ կազմակերպելով այս պատերազմը փորձեց ոսկե միջին գտնել այս երկու միտումների հատույթում։ Հիմա ականատեսն ենք այդ դրսեւորմանը՝ Թուրքիան տարածաշրջանում է, ձգտում է մեծացնել իր ազդեցությունը, ՌԴ-ն թուլանում է եւ ուզած- չուզած զիջում է տարածաշրջանի ազդեցության մասնաբաժիները Թուրքիային։ Այս ամենի հետեւանքը աղետալի կլինի, եթե ժողովուրդը չդիմադրի, հետագայում Հայաստանը կմատուցվի Թուրքիային որպես արտատերիտորիալ վիլայեթ՝ մեծ հավանականությամբ առանց Սյունիքի եւ Շիրակի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930