Ուրբաթ՝ կեսօրին Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ սահմանամերձ գյուղի տարածքում ականների վրա անասուններ են պայթել։ Այս մասին Aravot.am-ին ասաց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։ «Իմ եւ գյուղի բնակիչ Համլետ Հարությունյանի կովերն են վնասվել։ Ընդհանուր 7 հատ է եղել, 4-ը թփերի մեջ են եղել, չեն երեւում։ Երեք անասուն ոտները կտրած՝ նույն տարածքում ընկած են»,-ասաց Բաղդասարյանը։
Վերջինս խոսքով այդ տարածքը ուղիղ հայկական դիրքի դիմաց է եւ անվտանգության հարցերից ելնելով՝ հայկական կողմն է ականապատել։ «Չեմ կարծում դիտավորություն լինի, ինչ–որ մեկը քշած լինի տեղ։ Անասուն է՝ գնացել է»,-նշեց Բաղդասարյանը։
Առաջին անգամ չէ, որ ականի պայթյունի հետեւանքով անասուններ են վնասվում։ «Այս նույն տարածքում ամիսներ առաջ երկու խոզ եւ մեկ կով են պայթել»,-ասաց վարչական ղեկավարը՝ ավելացնելով, որ փոխհատուցման համար դիմել են Սյունիքի մարզպետարան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ