Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքների քննությունը։ Մինչեւ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց եւ հայտարարեց, որ դրա հիմքում վերջերս կայացված՝ «Հայկական Ժամանակ»-ն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճիռն է, որը նոր հիմք կարող է հանդիսանալ՝ վերաքննիչ դատարանի կողմից ՍԴ դիմելու համար։ Դատախազը հիշեցրեց, որ ըստ ՄԻԵԴ վճռի՝ 2008թ․-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ներպետական մակարդակում դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։
«Դատարանը քննել է 2008թ․-ի մարտի մեկին Ազատության հրապարակում վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների հանգամանքները եւ գտել, որ չի եղել որեւէ ապացույց առ այն, որ այդ օրը ցուցարարների շրջանում խռովություններ հրահրելու նպատակով բաժանվել է զենք կամ որ ցուցարարներն են առաջինը հարձակում գործել ոստիկանների վրա։
Դատարանը նշել է մի շարք արժանահավատ զեկույցների մասին, որոնցից բխում է, որ ոստիկանները ոչ արդարացի եւ ավելորդ ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ, եւ որ ոստիկաններից ցուցարարներին նախապես որեւէ հրահանգ չի տրվել ցրվելու։ Ըստ դատարանի՝ կառավարությունը չի հիմնավորել, որ ցույցերը կարող էին բնութագրվել որպես հանրային բնույթի արտակարգ դրություն, որը սպառնալիք էր ազգի կյանքի համար, ուստի ընդդիմության բողոքները իրենցից չեն ներկայացրել արտակարգ դրությունն արդարացնող իրավիճակ։
Միջնորդում եմ դիմել սահմանադրական դատարան՝ 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանության հարցով եւ կասեցնել սույն քրեական գործով վարույթը՝ մինչեւ ՍԴ որոշումը»,-նշեց Գեւորգ Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ ՄԻԵԴ-ի նշյալ վճիռը դեկտեմբերին է մտնելու օրինական ուժի մեջ։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամբողջական դիրքորոշում կհայտնեն հաջորդ նիստում՝ նոյեմբերի 18֊-ին, ժամը 15։30-֊ին։ Հիշեցնենք, որ այս տարի ՀՀ սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), ըստ որի մեղադրանքներ էին առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, հակասահմանադրական էր ճանաչել։ Այդ մասով մեղադրանքը հանվել էր, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ