ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Երբ խոսում ենք վերջին իրադարձությունների մասին, շատ լկտի բաներ ենք լսում իշխանավորների շուրթերից: Օրինակ, ասում են, թե իշխանությունն է շահագրգռված, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծվի, որովհետեւ իրենք ուզում են բացահայտել ճշմարտությունը: Կներեք՝ կատարյալ տխմարություն, որը նախատեսված է մտածելու ունակությունը կորցրած մարդկանց խմբի համար: Այսինքն, լուսահոգի գեներալի խոսքերով ասած. մեխը՝ ձեռքդ, մուրճը՝ ձեռքդ, ԱԱԾ-ն, գլխավոր շտաբը, ՊՆ-ն, ամբողջ պետական ապարատը՝ ձեռքդ, դու ինֆորմացիան ծայրից-ծայր գիտես ու քեզ խորհրդարանում հանձնաժողով է պե՞տք, որ ճշմարտությունն իմանաս: Խաշած հավի ծիծաղն է գալիս: Այս ամբողջը մի նպատակ ունի. Նիկոլ Փաշինյանին մաքրել 44-օրյա պատերազմի արյունից, ինչպես իմ գործընկերները հաճախ ասում են՝ նշանակելով այլ մեղավորներ:
Ձեզ, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ, որ մինչեւ պատերազմն էլ սիրում էին շրջագայել ձեր հաշվին, անկապ, ճոխ գործուղումների գնալ եւ այլն, հիմա էլ՝ այս պատերազմից հետո, գնում են գործուղումների ու ձեր, մեր երեխաների շահը չեն ներկայացնում: Ռազմագերիների մասով օրինակ բերեմ: Ալեն Սիմոնյան կոչվող էակի, որը զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, վերջին շրջագայությունը ԵԽԽՎ սպիկերների գագաթնաժողովն էր, որտեղ ինքը ինչ-որ մի սեկցիայում ելույթ ուներ: Սեկցիայի անունն էր. Ընդհանուր ապագա՝ եվրոպական քաղաքացիների համար: Սրանից ավելի լավ առի՞թ՝ խոսելու մեր ռազմագերիների ապագայի, ճակատագրի խնդիրների մասին որպես եվրոպական քաղաքացիների: Մի հատ ծպտուն ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող երեւույթը չի արտաբերել ռազմագերիների արձակման խնդրի հետ կապված, ադրբեջանական ագրեսիայի հետ կապված: Մի այնպիսի ելույթ էր ունենում, կարծես. Լյուքսեմբուրգի Ազգային Ժողովի նախագահն է խոսում, կամ Շվեյցարիայի: Բացարձակ ոչ մի կապ մեր երեխաների դարդ ու ցավի, ադրբեջանական ագրեսիայի եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ:
Մյուս օրինակը: ԵԽԽՎ մոնիթորինգային զեկուցողներն էին այստեղ: Ես ստույգ գիտեմ, որ բացի ընդդիմադիր պատգամավորներից, իրենց հետ խոսակցության ժամանակ ոչ ոք չի խոսել այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան պետք է պատժվի, Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները որ Ադրբեջանը խախտել է, պետք չէ դա հենց այնպես ասել ու անցնել առաջ: Դրան պետք է միս ու արյուն տալ, պրոցես պետք է սկսել, հետաքննիչ հանձնաժողով պահանջել: Այս խնդիրները նույնպես գործնական փաստի, հարթության մեջ չեն արծարծվել ընդհանրապես»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ