Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկին, Բելառուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ելենա Մոսկալին, ինչպես նաև ՌԴ և Բելառուսի մի շարք քաղաքների նոտարական պալատների նախագահներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։
ՌԴ և Բելառուսի նոտարները Հայաստանում են՝ նոյեմբերի 6-ին հայ գործընկերների հետ կայանալիք նիստին մասնակցելու նպատակով՝ քննարկելու նոտարական ոլորտում վերջին երկու տարիների օրենսդրական փոփոխություններն ու իրավակիրառ պրակտիկան։
Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել նոտարների գործունեությունը, ընդգծել, որ ԱՊՀ տարածքում ստեղծված նոտարական հարթակները, ինչպես նաև նոտարական կառույցների գործակցության յուրաքանչյուր քայլ նոր որակ են հաղորդում մեր երկրների իրավական համագործակցության ոլորտում ձեռքբերումներին։
Հանդիպման ընթացքում նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես՝ նոտարների և քաղաքացիների կողմից բարձրացվող այն հարցին, որ գործընկեր երկրներում, Հայաստանում կատարված նոտարական թարգմանությունների վավերացումները, հաճախ, չեն ընդունվում, կամ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար՝ առաջարկելով շաբաթ օրը կայանալիք համատեղ նիստում քննարկման առարկա դարձնել նաև այս հարցն ու գտնել դրա լուծման ճանապարհը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն