Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ինչո՞ւ է գործող իշխանությունը փախչում, խուսափում իր կարծիքը հայտնել 3+3 ձեւաչափի մասին»

Նոյեմբեր 05,2021 18:30

«Հիմա, այո, մենք հայտնվել ենք մի վիճակում, որ մեր փոխարեն որոշումներ են կայացվում»,-անդրադառնալով առաջիկա օրերին Մոսկվայում սպասվող հանդիպմանը՝ «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ շարունակեց. «Խոսենք 3+3 ձեւաչափի մասին: Գործող իշխանությունը փախչում, խուսափում է իր կարծիքը հայտնել: Հիմա ես ուղիղ խոսեմ մեր հայրենակիցների հետ: Ցանկացած ձեւաչափ տեսականորեն լավն է, եթե մեջը ներառվում է քո ազգային շահը: Եթե դու քո ազգային շահը առաջ տանել չես կարող, ցանկացած ձեւաչափ, այն էլ՝ նոր, դառնում է պրոբլեմատիկ: Առավել եւս, որ այդ ձեւաչափի մեջ կա երկու ախոյան ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ դու չես կարողանում քո շահը պահել: Այս ամեն ինչը դառնում է էլ ավելի պրոբլեմատիկ, երբ որ հասկանում ես, որ այդ ձեւաչափի մեջ ներգրավված քո ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ գործող իշխանությունը չի կարողացել ապահովել բովանդակային համագործակցության այնպիսի մակարդակ, որ եթե հայերը չեն կարողանում իրենց շահերն առաջ տանել, գոնե դա Ռուսաստանն ամբողջությամբ անի: Դա էլ չկա:

Հիմա այս ամբողջը իմի բերելով ինձ ասեք. 3+3 ձեւաչափը Նիկոլի օրոք, նրա վատ, սխալ հարաբերություններով Ռուսաստանի հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներառմամբ, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ես կասեի՝ ճիշտ է, եթե վստահ լինեի, որ մեր ազգային շահը ներառված է եւ Հայաստանը ներկայացնում է մեկ այլ առաջնորդ, մեկ այլ ղեկավար, որը, օրինակ, Ռուսաստանի Դաշնության հետ կարողացել է հարաբերություններ կառուցել ոչ թե սողալու, այլ թռչելու տրամաբանության մեջ:

Ռուսաստանը, ինչպես աշխարհի բոլոր կայսրությունները, օգտագործում է սողուններին, բայց հարգում է արժանապատիվներին: Այսօրվա իրավիճակում մենք տեսնում ենք, որ հայկական շահի ներառման պրոցեսը Նիկոլ Փաշինյանը ապահովել չի կարող ոչ անձամբ, ոչ էլ մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությամբ:

Եվ 3+3 ձեւաչափի հետ կապված վերջին դիտարկումը: Եկեք անկեղծ խոսենք: Նայեք քարտեզին: 3+3-ը թերի ֆորմատ է, որովհետեւ ամբողջական չի: Ինչո՞ւ: Որովհետեւ բացի առաջին երեքից՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրանից եւ երկրորդ երեքից՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստանից, Հարավային Կովկասում կա եւս երեքը՝ Լեռնային Ղարաբաղ-Աբխազիա-Հարավային Օսիա: Այս երեքը չկան 3+3-ի մեջ: Եվ քանի որ չկան, Վրաստանը վարանում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասով, իսկ հայ ժողովուրդը ունի բոլոր հիմքերը՝ վարանելու Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության մասով: Այսինքն, 3+3 ձեւաչափը ի սկզբանե չի արտահայտում աշխարհաքաղաքական դասավորվածությունը մեր ռարածաշրջանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր ժողովուրդը հիշում է այպիսի ձեվաչափերի վտանգավորությունը՚օրինակ անդրերհոմի ձեվաչափ։ադրբեջանը ւ վրաստանը ընդեմ հայաստանի՝մենք մենակ էինք մեր հարեվանների դեմ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930