Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ Կուբաթլի-Զանգելան հատվածից զորքերի հետ չքաշումը հղի չէր պատերազմական գործողություններով, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը»

Նոյեմբեր 05,2021 17:40

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում շնորհակալություն հայտնեց տասնյակ հազարավոր հայրենակիցներին իր մայրիկի մահվան կապակցությամբ իրենց ընտանիքին ցուցաբերած համերաշխության, սրտացավության եւ կարեկցանքի համար:

Սակայն «Իրավիճակն այնպիսին է, որ երկար լռել ես չկարողացա, որովհետեւ անձնականը՝ անձնական, բայց կա նաեւ երկրի նկատմամբ մտահոգություն, պատասխանատվություն եւ հերթական աղետալի այն ժամանակահատվածը, որ մենք ապրում ենք անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո»,-ասաց պարոն Աշոտյանը եւ շարունակեց. «Ի՞նչ է կատարվում աշխարհում ու տարածաշրջանում, շատ քչերն են գլուխ հանում: Ես էլ չեմ հավակնելու վերջնական բանաձեւումներ տալ, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը, ինչպիսին են արտաքին եւ ներքին իրական մարտահրավերները: Բայց մի քանի բան շատ-շատ տեսանելի է»:

Ըստ նրա՝ Հայաստանը այսօրվա վիճակում հայտնվել է այն պատճառով, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չկարողացավ իշխանությունից հեռացնել այն խմբին, որը «պատասխանատու էր կործանարար դավաճանական պատերազմի, հազարավոր զոհերի եւ հայրենազրկման համար: Ինչո՞վ էր կարեւոր հեռացնելը այն ժամանակ: Երկու պարզ պատճառով:

Առաջին. պետք էր ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը չի գալու ծնկի, հայ ժողովուրդը ունի արժանապատվություն: Հետեւաբար, մեր ազգային շահերի հաշվին բերել տարածաշրջանային պրոյեկտներ՝ 3+3, կոմունիկացիոն պրոյեկտներ, որտեղ չի ներառվում Հայաստանի ազգային շահը, մեզ դիտարկել որպես մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերի մեջ, մենք թույլ չէինք տալու»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իշխանությունը պատասխանատու է եւ մինչեւ նոյեմբերի 9-ը եղած, եւ դրանից հետո խնդիրների համար. «Երբ ԱԺ-ում ուղիղ հարցրեցին՝ ինչո՞ւ զորքերը հետ քաշվեցին Կուբաթլու-Զանգելան հատվածից, Նիկոլը ցինիկաբար ասաց, այո, ինքն է տվել այդ հրամանը: Եվ հիշեցնեմ՝ նաեւ ակնարկեց, որ եթե զորքերը հետ չքաշվեին, կլիներ նոր պատերազմ: Հիմա եկեք հասկանանք երկու կարեւոր բան, թե որտեղ է նա հերթական անգամ մեզ գցում:

Նախ, եթե Զանգելանից եւ Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ դրա մասին գրված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Չէ՞ որ, երբ Պուտին-Ալիեւ-Փաշինյան փաստաթուղթը ստորագրվում էր, այդ փաստաթղթի մեջ բոլոր շրջանները ըստ ժամանակացույցի գրած էին, Քելբաջարը՝ երբ, Աղդամը՝ երբ, Ֆիզուլին՝ երբ, եւ այլն: Ինչո՞ւ այդ ժամանակ Զանգելանն ու Կուբաթլին գրված չէին: Այսինքն, ակնհայտ էր չէ՞, որ այդ պահին, երբ պատերազմը դադարեցվել է, եւ չկա այդ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման պահանջ, ուրեմն նման պահանջ իրականում չկա: Այսինքն, այդտեղ պատերազմ լինել չէր կարող:

Ապա, երբ որ դեկտեմբերի 17-ին, դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, նա ասում է՝ եթե չքաշվեի զորքերով, կլիներ պատերազմ, կներեք, Ռուսաստանը երաշխավորն էր այդ հրադադարի, ռազմական բոլոր գործողությունների դադարեցման: Ինչո՞ւ է Նիկոլը մեզ վախեցնում պատերազմից 40 օր անց, այն դեպքում, որ Ռուսաստանի քավորությամբ, երաշխավորությամբ արդեն նոյեմբերի 9-ին եղել է հրադադար: Այսինքն, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստում է, այլ զորքերի հետ չքաշումը հղի չէր պատերազմական գործողություններով: Երրորդ բանն էլ ասեմ. լավ, հողերը գլուխդ, զորքերը հետ քաշեցիր: Ինչո՞ւ հետ քաշեցիր՝ նյարդի նման մերկացնելով մինչեւ մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը: Ակնհայտ է չէ, որ սա արել է որպես դավաճանություն մեր շահերի ու մնացել է անպատիժ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930