Ս. թ. նոյեմբերի 3-ին Վարշավայում՝ «Պատմության հետ հանդիպման տանը» տեղի ունեցավ լեհ լրագրող, պատմաբան, հայ ժողովրդի բարեկամ Վիտոլդ Ռեպետովիչի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված «Պատերազմի մղձավանջը» վերտառությամբ լուսանկարների ցուցահանդեսի բացումը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին հատվածներ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի Արցախի մասին պատմող «Պատերազմի և խաղաղության երկիր» վավերագրական ֆիլմից։ Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս լեհ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մեկ տարի առաջ այս օրերին Արցախում ընթացած 44-օրյա պատերազմի արհավիրքի վրա, որը սանձազերծել էլ Ադրբեջանը իր դաշնակիցների հետ միասին։ Միջոցառումը՝ նահատակված հայ հերոսների հիշատակին նվիրված աղոթքով բացեց լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը։ Այնուհետև ներկաներին ողջույնի խոսք ասաց Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանն իր խոսքում շեշտեց, որ այսօր, մեր՝ հայերիս, առաջնային նպատակներն են գերի հայ զինվորների վերադարձը հայրենիք և անհետ կորածների ճակատագրի պարզումը։ Մենք բոլորս աղոթում ենք և տարբեր հարթակներից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում այս հարցի վրա։
Այնուհետև դեսպան Սամվել Մկրտչյանը և Արսեն Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն պարգև Ոսկե մեդալը հանձնեցին Յադվիգա Նովակովսկային՝ հայանպաստ գործունեության համար։ Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել լրագրողին և ռեժիսորին, ովքեր ներկայացրին լրացուցիչ փաստեր, պարզաբանումներ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ։
Միջոցառման ավարտին երաժշտական կատարումներով հանդես եկան լեհաբնակ կատարողներ Լիլիթ Մինասյանը և Արամո և Գևորգ Սայեղ եղբայրները։ Միջոցառումն իրականացվեց Լեհաստանում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։