Եկամտահարկի վերադարձի օրենքի փոփոխության առնչությամբ տնտեսագետները, քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ շինարարության ոլորտում զգալի անկում կունենանք, սակայն ՀՀ բանկերն այս առնչությամբ որեւէ տեսակետ չհայտնեցին: Այսօր այս դիտարկմանն ի պատասխան՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ասաց՝ փոփոխությունը բանկային համակարգի հետ կապ չունի, փոփոխությունը գտնվում է կառուցապատողների դաշտում:
Հարցին՝ հիպոթեքային վարկավորման ծավալներն արդյոք չե՞ն նվազելու՝ պարոն Սարգսյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունը կբերի վարկային պորտֆելի կառուցվածքի փոփոխության. «Այո, ամենայն հավանականությամբ, հիպոթեքի պորտֆելը, եթե այլ գործիքակազմ, այլ խրախուսական ծրագրեր չկիրառվեն, հիպոթեքի վարկավորումը կարող է մի փոքր նվազել, մեկ այլ ճյուղում՝ ավելանալ: Այո, հիպոթեքային տրամադրման ծավալների վրա իր ազդեցությունն ունենալու է, սա ակնհայտ է»:
Սեյրան Սարգսյանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու բանկային համակարգի գործունեության երրորդ եռամսյակի ցուցանիշները:
Կարդացեք նաև
Այս պահին ՀՀ-ում գործող 17 բանկերը միասին ունեն 917 միլիարդ դրամի կապիտալ, 12 հազար 700 աշխատակից, 541 մասնաճյուղ: Վարկերը կազմում են 3,9 տրիլիոն, ճիշտ այդքան էլ՝ ավանդները:
Aravot.am-ի հարցին՝ վտանգավո՞ր չէ ավանդների ու վարկերի այդքան մոտ լինելը, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն ուզում գումար դնել տնտեսության, բիզնեսի մեջ եւ գերադասում են գումարները պահել բանկում, պարոն Սարգսյանը պատասխանեց՝ վտանգ չի տեսնում, բայց նաեւ նշեց, որ սովորաբար վարկավորման ծավալներն ավելի մեծ են եղել, քան ավանդներից ներգրավված. «Որովհետեւ բանկերը վարկավորել են նաեւ իրենց կապիտալի հաշվին: Հիմա մոտեցել են վարկավորման եւ ավանդների ծավալները, բայց դրանք փոփոխվող ցուցանիշներ են»:
Մեր հարցին, թե 17 բանկերն արդյոք շատ չե՞ն Հայաստանի համար, արդյոք սպասվո՞ւմ են բանկերի միաձուլումներ, Սեյրան Սարգսյանը պատասխանեց՝ 17 բանկը շատ է, թե քիչ՝ այդ հարցը կարգավորում է շուկան. «Այդ 17 բանկերը, եթե երկար ժամանակ է՝ գործում են, դա խոսում է այն մասին, որ այդ բանկերն իրականում գործում են»:
Պարոն Սարգսյանը բանկերի խոշորացումը չբացառեց, բայց ասաց, որ նման գործարքները, որպես կանոն, գաղտնի են պահվում եւ միայն վերջին պահին են հայտնում այդ մասին:
Սեյրան Սարգսյանը նաեւ հայտնեց, որ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ, 23,3 տոկոսով աճել են արտերկրից փոխանցումները, որոնք մասնավորապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից են: 5,5 տոկոսով աճել են նաեւ դեպի արտերկիր փոխանցվող գումարները:
Շինարարության ոլորտում վարկային պորտֆելը աճել է 28 տոկոսով, որից 22 տոկոսը հիպոթեքային վարկերն են:
Կան ոլորտներ սակայն, որտեղ վարկավորման էական անկում է գրանցվել՝ արդյունաբերությունը 18 տոկոսով է նվազել, սպասարկման ոլորտինը՝ 5,7 տոկոսով, տրանսպորտի եւ կապի ոլորտում վարկավորումը նվազել է 3,4 տոկոսով: Ինչը,
ըստ Սեյրան Սարգսյանի, պայմանավորված է այդ ճյուղերի վարկունակության անկմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ