«Իմ աշխատասենյակում փակցված է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե իր աշխատասենյակում եւս փակցվա՞ծ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա դա այսպես բացատրեց․ «Ես երեւույթներին եւ քաղաքական գործընթացներին մեծապես վերաբերվում եմ բացառապես ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Եթե ինստիտուցիոնալ առումով կա նման որոշում եւ կարգ, ապա ես, որպես կառավարության անդամ, գործադրում եմ այդ կարգը, բայց այդ երեւույթը չի նսեմացնում այն արժեքները եւ գաղափարները, որոնք մենք ունենք։ Մեր գործունեության բովանդակության արդյունավետության վրա որեւէ ազդեցություն չի կարող այն ունենալ»։
Թե ինչ կարգ է դա, գրավոր է, թե բանավոր, Ռոմանոս Պետրոսյանը չպատասխանեց՝ հորդորելով հարցերն ուղղել վարչապետի աշխատակազմին։
«Աշխատասենյակում ես պաշտոնյա եմ եւ իմ նախաձեռնությամբ չեմ առաջնորդվում»,-եզրափակեց նա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ․-ին վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր պաշտոնյաների աշխատասենյակներից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը եւ ասել էր, որ այլեւս երբեք ՀՀ ղեկավարների լուսանկարները պատերին չեն հայտնվելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ