Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած գործողությունները. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում

Նոյեմբեր 05,2021 16:21

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ ԱՇՆԱՆԱՅԻՆ նստաշրջանում իմ ելույթը

Հարգելի նախագահ, գործընկերներ,
Մեր օրակարգի հիմնական սևեռումը Աֆղանստանն է, և, իրավամբ, տարածաշրջանում հետագա նոր առճակատումները կանխելու և երկարատև լուծումների հասնելու համար անհետաձգելի գործողություններ և որոշումներ են անհրաժեշտ։ Սակայն պիտի նշեմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները նույնքան կարևոր են և դրանք պահանջում են հավասարակշռված որոշումներ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների վրա։

ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և կայունության հարցերով զբաղվող և պատասխանատու կազմակերպության ուշադրությունն եմ ուզում բևեռել Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող նոր իրողությունների վրա։

Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած ագրեսիային, ուր Թուրքիան անմիջական մասնակից էր և հովանավորում էր միջազգային ահաբեկիչների։ Խախտելով միջազգային օրենքներ և մարդու իրավունքներ՝ ադրբեջանական բանակի կողմից իրականացվեցին սարսափելի հանցագործություններ, կիրառելով քիմիական զենք, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ավերելով և ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասեցրեց ագրեսիան, սակայն անվտանգության հարցերը շարունակում են մնալ չլուծված։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, ավելին, արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանական զորքերը՝ խախտելով ՀՀ պետական սահմանները՝ օկուպացրել են Հայաստանի տարածքներ։

Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած գործողությունները։ Մենք նաև նախազգուշացրել էինք ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին, որ, եթե չկարողանանք այս խնդրին ճիշտ և համակողմանի անդրադառնալ, ապա մենք կունենանք օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման ավելի ու ավելի շատ դեպքեր, իսկ ԵԱՀԿ տարածքում վերջիններս կդառնան իշխանություն ձևավորելու և քաղաքական նպատակներ հետապնդելու միջոց: Աֆղանստանի օրինակը շատ խոսուն է։

Ի վերջո, շեշտելով և վերահաստատելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական ճանապարհով։ ԼՂ հակամարտությունը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իր արդար հանգուցալուծմանը՝ որը պետք է հենվի Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման վրա, ներառի տեղահանված բնակչության երաշխավորված և անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պահպանումը:

Տիկնայք և պարոնայք, մենք կարող ենք կանխել ապագա բռնություններն ու հանցագործությունները, եթե այսօր իսկ պայքարենք դրանց դեմ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930