«Որեւէ մեկն իրավունք չունի քաղաքը թողնել որեւէ մեկին, այն Աբովյանի քաղաքացուն է պատկանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Կոտայքի նախկին մարզպետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Աբովյանում առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական պայմանավորվածություն կա՞ Աբովյան քաղաքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «թողնելու» մասին։
Նա նշեց, որ որպես ՔՊ-ի Աբովյանի տարածքային կառույցի եւ կուսակցության վարչության անդամ՝ այս անգամ եւս ներգրավված է ՏԻՄ գործընթացներում․ «Մեր թեկնածուն վարչության որոշմամբ է առաջադրվել։ 60 հոգանոց ավագանու ցուցակ ենք ներկայացրել, իսկ թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, դեռեւս 2017թ․-ից մեր շտաբի պետն է եղել Աբովյանում։ Այսինքն, մեր թեկնածուի ընտրությունը պայմանավորված է բացառապես ինստիտուցիոնալ որոշմամբ»։
Ռոմանոս Պետրոսյանը հավելեց․ «Այո, նախորդ ընտրություններում մենք պարտվեցինք, բայց դասեր քաղելով առաջ ենք շարժվում։ Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ եւ ունենք բոլոր նախադրյալները՝ դրան հասնելու համար»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեկտեմբերի հինգին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ