«Վաղուց ժամանակն է, որ մենք ոչ թե խոսենք գործընթացի մասին՝ ինչպես ենք փոխելու Սահմանադրությունը, այլ սկսենք Սահմանադրության տեքստի վրա կոնկրետ աշխատանքը»,-ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած ընդլայնված հանդիպմանը՝ նվիրված սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացին, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ այս հարցերը քննարկել են արտախորհրդարանական ուժերի, խորհրդարանական ընդդիմության հետ: Նաև նշեց, որ խորհրդարանական ընդդիմության հետաքրքրությունն՝ իրենց հետ համագործակցելու, դեռ մեծ չէ կամ բացակայում է:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի ձևավորման մասին՝ Կարեն Անդրեասյանն ասաց. «Խորհուրդն ունի բավականին հետաքրքիր կազմ: Այս գործընթացի նորույթն է այն, որ եթե նախկին փորձով ունեինք հանձնաժողով, որտեղ քաղաքական գործիչներ և մասնագետներ էին, այս դեպքում մենք առաջարկում ենք ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ. խորհրդարանական իշխող և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Կլինեն արտախորհրդարանական երեք կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀԿ-ների երեք ներկայացուցիչներ: Այդ խորհուրդը կլինի այն քաղաքական մարմինը, որը կառաջնորդի սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այդ խորհրդի կողմից կընտրվեն մասնագիտական հանձնաժողովների հինգ անդամներ: Նրանք կծառայեն թե՛ որպես քարտուղարություն, թե՛ որպես մասնագիտական խումբ, որը կատարում է մեդիատորական աշխատանք հասարակության տարբեր սեգմենտների միջև: Կանեն այն մասնագիտական կարևորագույն աշխատանքը, ինչը բարեփոխումների հայեցակարգի տեքստի մշակումն է և բուն սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ